Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
«Հայաքվե» նախաձեռնության անդամ, տնտեսագետ Հրայր Կամենդատյանը մարտի 7-ին ֆեյսբուքյան գրառմամբ պնդել է, թե իշխանությունները ստում են, և կենսաթոշակների բարձրացումից հետո նվազագույն թոշակը չի հավասարվել պարենային նվազագույն զամբյուղի արժեքին։ Գրառման մեջ նա ներկայացրել է նաև իր հաշվարկները։
«Նվազագույն թոշակը 36,000 դրամ էր […], իսկ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը՝ 61,520 դրամ»,-գրել է Կամենդատյանը։
Սակայն նշված թիվը վերաբերում է ոչ թե պարենային, այլ նվազագույն սպառողական զամբյուղին։
Կառավարության խոստումները պարենային և սպառողական զամբյուղների վերաբերյալ
Կառավարության մարտի 5-ի նիստում որոշվեց ապրիլի 1-ից բարձրացնել կենսաթոշակները․ համեմատաբար ցածր կենսաթոշակներն ավելացվեցին 10 000 դրամով, իսկ ավելի բարձր թոշակները՝ ավելի փոքր չափով։ Արդյունքում նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամի փոխարեն սահմանվեց 46,000 դրամ։
Խորհրդարանական ընտրություններից առաջ կառավարությունը կենսաթոշակների բարձրացումը բացատրել էր տնտեսական աճով։ Բացի այդ, կառավարությունը 2021–2026-ի ծրագրով խոստացել էր նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին։
Ինչպե՞ս է հաշվարկել ԿամենդատյանըՀրայր Կամենդատյանը իր գրառման մեջ ներկայացրել է հաշվարկ, ըստ որի՝ նույնիսկ անկանխիկ վճարումների համար նախատեսված առավելագույն հետվճարը ստանալու դեպքում նվազագույն կենսաթոշակը չի հասնում պարենային զամբյուղի արժեքին։
«Նվազագույն թոշակը 36,000 էր, վրան հավելեք 10,000, արեց՝ 46,000։ Նույնիսկ եթե այդ գումարը ամբողջովին հետվճարի վրա օգտագործվի, հետվճարը կկազմի 9,200 դրամ։ 46,000+9,200=55,200։ Իսկ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը 61,520 դրամ է»,- պնդել է Կամենդատյանը։
Անկանխիկ գործարքների դեպքում թոշակառուները կարող են մինչև 20 տոկոս հետվճար ստանալ։ Կամենդատյանը հաշվարկել է, որ 46 000 դրամ նվազագույն թոշակի դեպքում առավելագույն հետվճարը կարող է կազմել 9 200 դրամ։
Կամենդատյանը շփոթել է պարենային և սպառողական զամբյուղներըՏնտեսագետ Հրայր Կամենդատյանը իր հաշվարկում սխալ թիվ է օգտագործել։ Նա որպես նվազագույն պարենային զամբյուղի արժեք ներկայացրել է 61,520 դրամը, մինչդեռ այդ ցուցանիշը վերաբերում է ոչ թե պարենային, այլ նվազագույն սպառողական զամբյուղին։
Վիճակագրական կոմիտեի 2025-ի 4-րդ եռամսյակի տվյալներով՝ պարենային զամբյուղի ամսական արժեքը կազմել է 33 388 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղինը՝ 61 768 դրամ:
Ինչպես են կենսաթոշակները համեմատվում զամբյուղների հետԱյսպիսով, նվազագույն կենսաթոշակը՝ 46,000 դրամը, արդեն գերազանցում է նվազագույն պարենային զամբյուղի արժեքը, որը 2025 թվականի չորրորդ եռամսյակում կազմել է 33,388 դրամ։ Ինչ վերաբերում է կենսաթոշակի միջին չափին, ապա թոշակների բարձրացումից հետո այն կկազմի մոտ 59 000 դրամ։ Այս ցուցանիշը դեռ չի հասնում նվազագույն սպառողական զամբյուղի՝ 61 768 դրամ արժեքին։ Սակայն գործադիրը նշում է, որ այս գումարին կարող է ավելանալ նաև անկանխիկ վճարումների համար նախատեսված հետվճարը։ Վերջինիս միջին ամսական չափը մոտ 7,000 դրամ է, և այն ավելացնելու դեպքում ընդհանուր գումարը կարող է հասնել մոտ 66,000 դրամի։
Զամբյուղների հաշվարկման տարբեր մեթոդաբանություններըՎիճակագրական կոմիտեն նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հրապարակում է երկու տարբեր մեթոդաբանությամբ՝ Համաշխարհային բանկի և Առողջապահության նախարարության, ինչի արդյունքում ստացվում են տարբեր թվեր։
Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ 2025 թվականին պարենային զամբյուղի արժեքը կազմել է 33,388 դրամ, իսկ սպառողական զամբյուղինը՝ 61 768 դրամ։ Առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ նույն ցուցանիշները ավելի բարձր են՝ համապատասխանաբար 42,614 և 78,836 դրամ։
Կառավարությունը կենսաթոշակների հաշվարկներում օգտագործում է Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ ստացված՝ ավելի ցածր տվյալները, ոչ թե Առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ հաշվարկված ավելի բարձր արժեքները։
ՍիվիլՆեթի տաղավարում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ընտրվել է Համաշխարհային բանկի մեթոդաբանությունը, քանի որ այն համարվում է ոսկե ստանդարտ։
Այսպիսով, Կամենդատյանի նշած 61,520 դրամը սպառողական, ոչ թե պարենային զամբյուղի արժեքն է։ Նվազագույն կենսաթոշակը արդեն իսկ գերազանցում է պարենային զամբյուղը։
CivilNetCheck