ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ՀՀ Ազգային ժողովին է ներկայացրել Կոմիտեի` 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը՝ նշելով, որ Կոմիտեն գործում է սկզբունքայնորեն՝ ապահովելով պատշաճ, համակողմանի և օրենքին համապատասխան քննություն, և յուրաքանչյուր վարույթ, անկախ նրանից՝ իրականացվել է նախկին պաշտոնյայի, գործող պաշտոնյայի կամ, ընդհանրապես, որևէ անձի նկատմամբ, քննվում է նույն խստությամբ և անաչառությամբ։
Այսօր իր եզրափակիչ ելույթում Կոմիտեի նախագահը, մասնավորապես, նշել է.
Տեսադարան



«Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն ելույթների համար, որոնք իրապես ուղղված էին հակակոռուպցիոն պայքարում խնդիրները վեր հանելուն և արտահայտում էին հանրային մտահոգություններ։
Ձեր առաջարկներն ու դիտարկումները կարևոր ներդրում են հակակոռուպցիոն պայքարում մեր աշխատանքի արդյունավետության բարձրացման համար։ Հատկապես ցանկանում եմ ընդգծել, որ կառուցողական քննադատությունը և տարբեր կարծիքների բախումը մեզ հնարավորություն են տալիս կայացնել ավելի հավասարակշռված և հիմնավորված որոշումներ։ Հաստատում եմ, որ միայն համատեղ, համակարգված և թափանցիկ աշխատանքով կարող ենք հասնել այն արդյունքներին, որոնց ձգտում ենք։
Այժմ հաջորդաբար անդրադառնամ ձեր կողմից բարձրացված առանցքային հարցերին և դիտարկումներին։
Այսպես.
Ելույթներում անդրադարձ կատարվեց կոռուպցիոն դեպքերին և միջազգային կառույցների կողմից հրապարակվող կոռուպցիայի ցուցանիշներին։ Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում արձանագրել հետևյալը․ այո՛, կոռուպցիոն դրսևորումները լիովին բացառված չեն, և, ցավոք, առանձին դեպքեր շարունակում են արձանագրվել նաև այսօր։ Այստեղ, սակայն, անհնար է չնկատել, որ այդպիսի երևույթները ոչ թե կրում են համակարգային բնույթ, այլ դրանք առավելապես տեղային և առանձին դրսևորումներ են, որոնց դեմ պետությունը մղում է համակարգված պայքար։
Սա, կարծում եմ, էական հանգամանք է, որը վկայում է այն մասին, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը տվել է նկատելի արդյունք։ Այնուհանդերձ, նույնիսկ մեկ դեպքն արդեն մտահոգիչ է և պահանջում է հետևողական արձագանք, սակայն այն փաստը, որ խնդիրը չունի համակարգային բնույթ, կարելի է գնահատել որպես կարևոր առաջընթաց մեր հակակոռուպցիոն պայքարում։
Փաստեմ, որ մեր անելիքը հստակ է՝ շարունակել ինստիտուցիոնալ ամրապնդումը, ապահովել կանխարգելման, բացահայտման և պատասխանատվության մեխանիզմների արդյունավետ կիրառումը, որպեսզի տեղային դրսևորումներն էլ աստիճանաբար հասցվեն նվազագույնի։
Խոսվեց գնման գործընթացներում առկա ենթադրյալ կոռուպցիոն ռիսկերի, ասֆալտապատման հնարավոր անորակ աշխատանքների, ինչպես նաև այն պետական ծրագրերի մասին, որոնք, ըստ հնչեցված տեսակետների, չեն ենթարկվում բավարար մոնիթորինգի և կարող են պարունակել կոռուպցիոն վտանգներ։
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր ելույթներում ներկայացված որոշակի տեղեկությունների համար, որոնք կարող են հիմք հանդիսանալ Կոմիտեի օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումների կողմից համապատասխան ստուգողական միջոցառումներ նախաձեռնելու համար։
Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ մեկ անձից գնման գործընթացին գնահատական տալու հարցում անհրաժեշտ է առաջնորդվել ոչ թե այլ երկրների փորձով կամ համեմատություններով, այլ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ։ Մեկ անձից գնման ընթացակարգը նախատեսված է օրենքով և ունի կիրառման հստակ պայմաններ ու սահմանափակումներ։ Այլ հարց է, որ ցանկացած իրավական գործիք կարող է ենթարկվել չարաշահումների։ Մենք հետևողական և ակտիվ աշխատանք ենք իրականացնում գնման գործընթացներում առկա ռիսկերի բացահայտման, շահերի բախումների հայտնաբերման, ինչպես նաև ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ տվյալների ստուգման և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Այս աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով, օպերատիվ–հետախուզական վարչություններին զուգահեռ, 2025 թվականին ստեղծվել է տեղեկատվական–վերլուծական բաժին։ Վերջինիս առաքելությունն է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքներով, ի թիվս այլնի, վեր հանել նաև գնման գործընթացներում արձանագրված հնարավոր կոռուպցիոն երևույթները՝ հետագա իրավական արձագանքի և հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման համար։
Ավելին, արդեն իսկ միջոցներ են ձեռնակվում նաև այս գործընթացում թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության գործիքակազմի ներդրման ուղղությամբ, ինչը թույլ կտա մեծածավալ և բազմազան տվյալներ վերլուծել կարճ ժամանակում, հայտնաբերել թերություններ, շահերի բախումներ կամ այլ թիրախային տվյալներ։
Բացի այդ, ենթադրյալ հանցագործության դեպքերով իրականացվող նախաքննության ընթացքում ռիսկային գործոնների, ինչպես նաև հանցագործության ծնող պատճառների ու պայմանների հայտնաբերման դեպքերով պատկան մարմիններ ներկայացվում են միջնորդագրեր, որոնք կրում են ոչ միայն արձագանքման, այլև կանխարգելիչ բնույթ։ Դրանց միջոցով առաջարկվում են հստակ կազմակերպական, իրավական կամ կարգապահական միջոցառումներ՝ ուղղված բացահայտված թերությունների վերացմանը, վերահսկողական մեխանիզմների ուժեղացմանը և իրավախախտումների կրկնությունը բացառելուն։
Մեր դիրքորոշումն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է սահմանափակվի միայն իրավախախտման փաստի արձանագրմամբ և մեղավորների պատասխանատվությամբ, քանի որ ոչ պակաս կարևոր է վերացնել այն գործառութային բացերը կամ կարգավորման թերությունները, որոնք կարող են կոռուպցիան դրսևորումների համար նպաստավոր միջավայր հանդիսանալ։
Խոսելով քրեական վարույթների տևական քննության մասին՝ պետք է հստակ արձանագրել, որ այդ կապակցությամբ տրվել են հստակ հանձնարարականներ, սահմանվել են վերահսկողական մեխանիզմներ և դրվել են կոնկրետ ժամկետներ։
Կառույցի համար առաջնային թիրախներից է ուշացած արդարադատության բացառումը։ Արդարադատությունը, որը չի իրականացվում ողջամիտ ժամկետում, կորցնում է իր արդյունավետությունը։
Միաժամանակ հարկ է փաստել, որ 2025 թվականի ցուցանիշները վկայում են ողջամիտ ժամկետներում գործերի քննության պահանջի պահպանման առումով ունեցած դրական տեղաշարժի մասին․
Մասնավորապես՝ 2025 թվականին ավարտված քրեական վարույթներից 124-ը քննված են եղել 2-7 տարվա, իսկ 219-ը՝ մեկ տարվա ժամկետներում։ Թվերը խոսում են այն մասին, որ առկա է ինչպես նախկինում կուտակված բարդ գործերի ավարտման միտում, այնպես էլ՝ ընթացիկ վարույթների առավել օպերատիվ կազմակերպում։
Այո՛, կան դեպքեր, երբ քննության ձգձգումները պայմանավորված են օբյեկտիվ հանգամանքներով՝ վարույթների մեծածավալությամբ, ապացուցման բարդ կառուցվածքով, միջազգային իրավական օգնության անհրաժեշտությամբ, ինչպես նաև համալիր և տևական փորձաքննությունների նշանակմամբ։
Այսպիսի վարույթներով քննության արագությունը չի կարող գերակայել որակի նկատմամբ, քանի որ յուրաքանչյուր սխալ կամ թերի ապացուցում կարող է հանգեցնել դատավարական խախտումների։ Օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված քննության տևողությունը չի կարող և չպետք է մեկնաբանվի որպես անգործություն, կամքի բացակայություն կամ արդարադատության մերժում։ Յուրաքանչյուր գործ գտնվում է մշտական վերահսկողության ներքո, և մեր նպատակը ոչ թե ձևական արագությունն է, այլ լիարժեք, հիմնավոր և դատավարական առումով անխոցելի արդյունքը։
Վստահեցնում եմ՝ յուրաքանչյուր վարույթի շրջանակում մենք հետամուտ ենք հանցավոր մեխանիզմի ամբողջական բացահայտմանը՝ անկախ ներգրավված անձանց կարգավիճակից։ Մեր նպատակը ոչ միայն առանձին դրվագի արձանագրումն է, այլ ամբողջ շղթայի բացահայտումը և իրավական գնահատականը։
Ելույթների ընթացքում հնչեց նաև տեսակետ, թե Հակակոռուպցիոն Կոմիտեն հանրային քրեական հետապնդումներ է իրականացնում հիմնականում միայն նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ՝ փորձելով հանրության մոտ ստեղծել պատրանք, որ Կոմիտեն ցուցաբերում է ընտրողական արդարադատություն։
Սակայն անհրաժեշտ է հստակ արձանագրել, որ նման գնահատականները իրականության հետ որևէ աղերս չունեն և չեն համապատասխանում մեր գործելաոճին։ Կոմիտեի գործունեությունը պայմանավորված չէ անձի քաղաքական անցյալով, պաշտոնավարման ժամանակահատվածով կամ հանրային դիրքով։ Մեզ համար գոյություն ունի մեկ չափանիշ՝ օրենքը և առկա ապացույցների ամբողջությունը։
Ասվածի անառարկելի ապացույցը վիճակագրական տվյալներն են, մասնավորապես՝ 2025 թվականի ընթացքում դատի տված 298 հանրային ծառայողներից, 222–ը եղել են գործող պաշտոնյաներ, այսինքն՝ վերջիններիս նկատմամբ վարույթներ են նախաձեռնվել կամ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել այն պահին, երբ նրանք պաշտոնավարելիս են եղել։ Ընդ որում, սա տալիս է նաև այն հարցի պատասխանը, թե որն է գործող պաշտոնյան և որը նախկին պաշտոնյան։ Այսինքն՝ դատի տված 298 հանրային ծառայողների շուրջ 75 տոկոսը կազմել են գործող ծառայողներ։
Այս մասով մի նկատառում ևս․ այն տվյալները, որ դատի տված անձանց շուրջ 75 տոկոսը կազմել են գործող պաշտոնյաներ, չի վկայում, որ ներկայումս պաշտոնատար անձանց կողմից ավելի շատ հանցանքներ են կատարվում, քան նախկինում, այլ պարզապես փաստերը խոսում են ներկա դրությամբ կոռուպցիայի նկատմամբ պետական կառավարման համակարգի անհանդուրժողական վերաբերմունքի մասին՝ նպատակադրմամբ, որ կոռուպցիան չի ներվելու՝ անկախ անձի զբաղեցրած դիրքից կամ կապերից։
Նշեցիք «Սևան բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից խափանման միջոցի պայմանների ենթադրյալ խախտման դեպքի մասին։ Պետք է ուրախացնեմ բոլորիս, որ այն կարելի է դիտարկել որպես կոռուպցիայի դեմ տարվող պայքարի արդյունավետության խոսուն օրինակ։ Մասնավորապես` խոսքը մի իրավիճակի մասին է, երբ քննարկման առարկա է ոչ թե քրեական վարույթի կարճումը, ոչ թե պաշտոնատար անձին պատասխանատվությունից ազատելու որևէ փորձ, այլ ընդամենը՝ կիրառված խափանման միջոցի պայմանների ենթադրյալ խախտումը։ Սա ինքնին վկայում է, որ Կոմիտեն գործել է անաչառ և հետևողական՝ անկախ անձի զբաղեցրած դիրքից։ Նշեմ նաև, որ խափանման միջոցի պայմանների ենթադրյալ խախտման դեպքի առնչությամբ ձեռնարկվել են օրենքով նախատեսված համապատասխան գործընթացներ, իսկ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Եվ վերջապես, կոռուպցիայի դեմ իրական պայքարը չափվում է ոչ թե հնչեղ հայտարարություններով, այլ ինստիտուցիոնալ կայունությամբ, օրենքի գերակայության ապահովմամբ և պատասխանատվության անխուսափելիությամբ։ Երբ նույնիսկ գործող պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացվում են գործընթացներ՝ առանց խտրականության և արտոնությունների, դա վկայում է համակարգի հասունության մասին։
Մեր նպատակը ոչ թե ցուցադրական քայլերն են, այլ իրավական պետության սկզբունքների հետևողական իրականացումը։ Եվ յուրաքանչյուր նման գործ, որն անցնում է ամբողջական դատավարական ճանապարհ, ամրապնդում է հանրային վստահությունը և վերահաստատում մեր հանձնառությունը։
Կարծում եմ՝ պետք չէ նսեմացնել կատարված ծավալուն և հաճախ անտեսանելի աշխատանքը՝ այն ներկայացնելով որպես քաղաքական կամ ընտրողական գործընթաց։ Մեր գործունեության հիմքում դրված է ապացուցողական ստանդարտի պահպանումը, դատավարական երաշխիքների ապահովումը և պատասխանատվության անխուսափելիությունը։
Այդ սկզբունքներն են ուղղորդում մեր յուրաքանչյուր քայլը՝ անկախ անձերից, ժամանակից և հանգամանքներից։
Ելույթների ընթացքում հնչեց նաև տեսակետ, թե իբրև դատարան ուղարկված գործերը մեծամասամբ արդարանում են կամ «փլվում են», ինչը պատրանք ձևավորելու փորձ է, թե իբրև արդարադատությունը արդյունավետ չէ կամ մասնագիտական մոտեցումը բացակայում է։ Պետք է հստակ նշեմ, որ նման կարծիքները ծայրաստիճան անիրական են և չեն արտացոլում իրական վիճակը։ Մասնավորապես՝ ՀՀ դատախազությունից ստացված վիճակագրական տվյալների համաձայն՝ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից դատարան ուղարկված քրեական վարույթներով 2025 թվականի ընթացքում դատարանում ավարտվել է 106 քրեական վարույթ՝ 180 անձի վերաբերյալ, որից 97–ով՝ 167 անձի վերաբերյալ հաստատվել է անձանց մեղքը /89 դատավճիռ, իսկ 8–ը ոչ արդարացնող հիմքով կարճում՝ համաներման կամ վաղեմության ժամկետներն անցնել փաստով պայմանավորված/, ինչը կազմում է ամբողջությամբ փոխանցված վարույթների ավելի քան 91 %-ը։ Դատարան ուղարկված վարույթներից միայն 9 վարույթով է արդարացման դատական ակտ կայացվել, որը կազմում է ընդհանուր թվի 8,5 %՝ ապացուցելով, որ դատարանի կողմից գործերի մեծամասնությունն ավարտվել է մեղադրական դատավճիռներով։
Ցանկանում եմ ընդգծել նաև, որ արդարացված գործերը նույնպես վկայում են համակարգի առողջության մասին։ Դրանք ապացուցում են, որ դատարանը գործում է անկախ, առաջնորդվում է բացառապես օրենքով և ապացույցների գնահատմամբ, այլ ոչ թե որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի դիրքորոշմամբ։ Եվ վերջապես, արդարացումները չեն կարող դիտարկվել որպես իրավապահ մարմնի պարտություն․ դրանք դատական իշխանության ինքնուրույնության, հակակշիռների ու զսպումների մեխանիզմների արդյունավետ գործարկման արդյունք են։
Ինչ վերաբերում է կարճված վարույթների թվին, ապա նախ պետք է հստակ արձանագրել՝ քննիչը կոչված է հավաքել ամբողջական տեղեկատվություն՝ ինչպես մեղադրող, այնպես էլ հերքող ապացույցներ, և ապահովել վարույթի լիարժեք, համակողմանի ու օբյեկտիվ քննություն։ Վարույթի ելքը որոշելիս գնահատվում են բոլոր առկա ապացույցները, մասնավորապես՝ դրանց վերաբերելիությունը, թույլատրելիությունը, հավաստիությունը, ինչպես նաև դրանց համակցությունը։
Քննիչի հիմնական առաքելությունն այն է, որ նախաքննությունը կատարվի համակողմանի, պատշաճ և չտանի կանխակալ մոտեցման կամ ուղղորդված քննության։
Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ կարճված 617 քրեական վարույթներից 136-ը կարճվել է ոչ արդարացնող հիմքով՝ օրինակ, համաներման կամ վաղեմության ժամկետների անցնելու հանգամանքով։ Սա արդեն իսկ փաստում է, որ վարույթի կարճումը հաճախ հիմնավորված է օրենքով նախատեսված հստակ կանոններով և ոչ թե քննության արդյունավետության կամ իրավապահ մարմնի կամքի բացակայությամբ։
Երկրորդ շատ կարևոր հանգամանքը կապված է գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումներով առ այն, որ վարույթ պետք է նախաձեռնվի նույնիսկ նվազագույն հանցանքի հատկանիշներ պարունակող տվյալների առկայության դեպքում։ Այլ կերպ ասած, ցանկացած տեղեկատվություն, որը կարող է վկայել հանցանքի հնարավորության մասին, ենթադրում է նախնական վարույթ, որը հետագայում մանրամասն ստուգվում է քրեադատավարական ամբողջական գործիքակազմի կիրառմամբ՝ հանցանքի փաստը հավաստելու կամ հերքելու նպատակով։
Այս մոտեցման հետևանքով բնական է, որ վարույթների քանակը մեծանում է, և հետագայում որոշ վարույթների կարճումն արտացոլվում է թվաբանական տվյալներում՝ առաջացնելով տպավորություն, թե «շատ գործեր չեն ավարտվում մեղադրական ելքով», սակայն իրականում սա օբյեկտիվ գործընթաց է, որն ապահովում է իրավապահ համակարգի պատասխանատվությունն ու ամբողջականությունը։
Ասվածի վկայությունն է նաև այն, որ 2025 թվականի ընթացքում նախորդ տարվա համեմատ՝ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթների թիվն աճել է 104-ով կամ շուրջ 65%-ով, իսկ դատարան ուղարկված անձանց թիվը՝ 287-ով կամ շուրջ 77%-ով, իսկ կարճված վարույթների թիվը 2025 թվականին նվազել է 75-ով կամ շուրջ 12%-ով։
Վստահեցնում եմ, որ Կոմիտեն գործում է սկզբունքայնորեն՝ ապահովելով պատշաճ, համակողմանի և օրենքին համապատասխան քննություն։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր վարույթ, անկախ նրանից՝ իրականացվել է նախկին պաշտոնյայի, գործող պաշտոնյայի կամ ընդհանրապես որևէ անձի նկատմամբ, քննվում է նույն խստությամբ և անաչառությամբ։
Մենք կիրառելու ենք մեզ վերապահված ողջ գործիքակազմը, որպեսզի ունենանք բացահայտման առավելագույն ցուցանիշ։ Արձագանքելու ենք բոլոր կոռուպցիոն դրսևորումներին և հետամուտ ենք լինելու իրավական պատասխանատվության ամբողջական իրականացմանը։
Իմ հորդորն է հանրությանը՝ չտրվել սադրանքներին և ապատեղեկատվությանը, զերծ մնալ կոռուպցիոն սխեմաների մաս կազմելուց։ Միայն համատեղ ջանքերով է հնարավոր ապահովել մի իրավական համակարգ, որը կծառայի բոլորի շահերին»։