2017 թվականի համեմատությամբ 2025 թվականի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 135 տոկոսով: Այսինքն՝ կրկնապատիկից ավելի են: Սա կոնկրետ այն թիվն է, որը մենք թալանչիների ձեռքով վերցրել ենք, ուղղել ժողովրդի կարիքները հոգալուն: Այս թվի մեջ մտնում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերը, որոնք նախորդ շրջանի համեմատությամբ ավելի քան կրկնապատկվել են, և բազմաթիվ այլ գույքեր կան:
Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկմանը, թե ապօրինի գույքի բռնագանձման գործերով անցնող գույքերը, որոնք այժմ կապարակնքված են, ի՞նչ հիմքով են կապարակնքվել:
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ լրացուցիչ ապացուցման կարիք ունի՞ այն, որ ամբողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցրած անձը կամ նրա ընտանիքը 200, 300, 400 մլն դոլարի ունեցվածք ունի:
«Ես 8 տարի է՝ վարչապետ եմ, ինչո՞ւ ես միլիոնատեր չեմ, այսինքն՝ դուք խելոք եք, մենք՝ ոչ այնքա՞ն: Ի՞նչ եք ուզում ասել»,- ասաց Փաշինյանը:
Այդ ընթացքում դահլիճից ընդդիմադիր պատգամավորները, գլխով անելով, Նիկոլ Փաշինյանի հարցին դրական պատասխան են տալիս, վարչապետը շարունակում է. «Ասում է՝ հա: Հեսա կտեսնենք՝ ով է խելոքը: Այ տենց տմբտմբացրեք գլուխներդ: Վերջին կոշիկն էլ ձեռքներիցդ առնելու ենք: Հագներիցդ հանելու ենք կախած վիճակում:
Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն և այլ դատարաններին, ինձ համար ակնհայտ է, որ դատաիրավական համակարգը պատշաճ արագությամբ և էֆեկտիվությամբ չի գործում և պետք է էֆեկտիվ գործի:
Իսկ Ռոբերտ Քոչարյանի նման թալանչիների ձեռքներից ոչ միայն մինչև վերջին կոպեկը առնելու ենք, այլև պիտի ենթարկվեն քրեական պատասխանատվության, այդ թվում՝ մարտի 1-ի և մյուս հանցագործությունների համար»:

















