ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից հետաքրքրվեց Սահմանադրության նախագծի տեքստի քննարկումներին ընդդիմության ներգրավվածության մասին:
«Իրական նախագծի հրապարակումը մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ. գործընկերների հետ քննարկումներն ամփոփելուց հետո տեքստը պետք է հրապարակվի։
Ինչ վերաբերում է ընդդիմության ներգրավվածությանը տեքստի քննարկմանը, ապա մենք նույնիսկ մինչև տեքստի հրապարակումն ենք բաց և պատրաստ քննարկել այն դրույթները, որոնք քննարկվել են կամ քննարկվելու են Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից, որովհետև ընդդիմությունը տեղեր ունի Սահմանադրական բարեփոխումների խորհրդում»,- նշեց Սրբուհի Գալյանը։
Նա հայտնեց, որ տեքստի հրապարակումից հետո ձեռնամուխ են լինելու հանրային կոմունիկացիային և, ըստ էության, այդ տեքստիշրջանառմանը: «Հավաքելու ենք բոլոր շահագրգիռ մարմինների և անձանց կարծիքները՝ քննարկելու դրանք և մտածելու՝ ինչ ուղղությամբ է փոփոխվելու Սահմանադրության տեքստը կամ չի փոփոխվելու։ Տեքստը, որ կհրապարակվի, չի լինելու վերջնական տեքստ, լինելու է նախագիծ, որն անցնելու է շրջանառության համապատասխան փուլերով։ Ես չեմ բացառում, որ այդ փուլերում, եթե ցանկություն լինի մեր ընդդիմադիր գործընկերների մեջ քննարկել տեքստը, միասին աշխատենք»,- ասաց արդարադատության նախարարը։

















