Փաստերի ստուգման հարթակը գրում է.
Ազգային ժողովի այսօրվա նիստում ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության վերաբերյալ իշխող քաղաքական ուժի հայտարարություններին և ասել․
«Ես ուզում եմ մի օրինակով ցույց տալ, որ նոր Սահմանադրություն ունենալը Հայաստանում բացառապես ալիևյան պահանջ է, և դա Ալիևի սահմանադրությունն է։ Այստեղից ՔՊ-ի անդամներն ասում են, որ դա միշտ մեր օրակարգն է եղել։ Սուտ է։ Իրենք երբեք չեն խոսել նոր Սահմանադրության մասին, մշտապես խոսել են Սահմանադրության բարեփոխումների մասին»։
Ի հիմնավորումն իր պնդման՝ պատգամավորը դահլիճում ցուցադրել է երկու լուսանկար՝ հետևյալ գրառումներով․
Իլհամ Ալիև, 2021թ․ — «Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր Սահմանադրություն»
Նիկոլ Փաշինյան, 2024թ․ — «ՀՀ-ն կարիք ունի նոր Սահմանադրության»։
Ապա պատգամավորը հավելել է․ «Դուք չեք կարող ինձ ցույց տալ, օրինակ, երբ ՔՊ-ն խոսել է ոչ թե Սահմանադրության փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին՝ Ալիևի պահանջից առաջ»։
Պատգամավորին տեղում հակադարձել էր ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին խոսել է դեռևս 2020 թվականի փետրվարին և հուլիսին։
«Փաստերի ստուգման հարթակը» գնացել է «Հայաստան» խմբակցության պատգամավորի պնդման հետքերով և պարզել, որ այն սխալ է, չի համապատասխանում իրականությանը։ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման մասին հրապարակայնորեն խոսել է դեռևս 2020 թվականին՝ Իլհամ Ալիևի՝ Վարդանյանի վկայակոչած 2021 թվականի հայտարարությունից առաջ։
2020 թվականի փետրվարի 20-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը չէր բացառել, որ հետագայում օրակարգում կարող է հայտնվել նոր Սահմանադրության ընդունման հարցը՝ հայտնելով նաև, որ քաղաքական թիմում դրա շուրջ քննարկումներ են սկսվել։
Նույն թվականի հուլիսի 5-ին վարչապետը վերահաստատել է այդ դիրքորոշումը՝ ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում հրապարակած շնորհավորական ուղերձում նշելով․
«Ու չնայած, իմ դիրքորոշումը եղել է այն, որ Սահմանադրության հաճախակի փոփոխությունները անհարկի սթրեսի են ենթարկում պետական համակարգը, Սահմանադրությանը անընդհատ փոփոխությունները բերում են անորոշությունների, նախորդ պարբերության մեջ նշված հանգամանքների գիտակցումը ինձ բերել է այն եզրակացության, որ մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքի վրա հենված, քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի Հայաստանում․․․»։
Այսպիսով, Քրիստինե Վարդանյանի պնդումը, թե մինչև Ալիևի 2021 թվականի հայտարարությունը ՔՊ-ն երբևէ չի խոսել նոր Սահմանադրության մասին, սխալ է։
Միաժամանակ, Ռուբեն Ռուբինյանի հակադարձման այն մասը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին խոսել է նաև 2020 թվականի փետրվարին, ճշգրտման կարիք ունի։ Փետրվարին Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունումը ներկայացրել էր որպես քաղաքական թիմում քննարկվող հնարավոր սցենար, իսկ հունիսին և հուլիսին՝ արդեն որպես անհրաժեշտություն։

















