Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո բանակցությունները երբեք չեն եղել Ղարաբաղի անկախության կամ ՀՀ-ի հետ միացման շուրջ

Բանակցությունների հիմնական առարկան եղել է Ղարաբաղի շրջակա 7 շրջանները Ադրբեջանին փուլային կամ փաթեթային վերադարձնելը, իսկ բուն Ղարաբաղի կարգավիճակը պետք է բանակցվեր միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո։
Միջազգային հանրության այս ընկալումը հստակ արձանագրված է 1996թ. ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողի հայտարարության մեջ. Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը՝ արտացոլված ինքնորոշման վրա հիմնված համաձայնագրում, Ղարաբաղին կշնորհեր ամենաբարձր աստիճանի ինքնակառավարում Ադրբեջանի կազմում։ Այսինքն, միջազգային հանրության ընկալմամբ՝ «ինքնորոշման» իրավունքը նշանակում էր «ինքնակառավարում» Ադրբեջանի կազմում։
Տարածքային ամբողջականության սկզբունքը և ինքնորոշման իրավունքը միաժամանակ բանակցային սեղանին ունենալը նշանակում էր, որ Ադրբեջանի համաձայնությունն առանցքային է կարգավիճակի ցանկացած սահմանման համար, քանի որ Ղարաբաղը դե յուրե համարվում էր Ադրբեջանի մաս (հստակ արձանագրված է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերում)։
Սա արձանագրված է նաեւ հանրաքվեով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու գաղափարների մեջ, որովհետեւ այդ գաղափարները ձեւակերպված էին այնպես, որ Ադրբեջանը հիմք ունենար ասելու, որ հանրաքվեին պետք է մասնակցեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղից ժամանակին հեռացած ադրբեջանցիները, այլեւ Ադրբեջանի բոլոր քաղաքացիները։ Այսինքն, ենթադրվող հանրաքվեն տեղի է ունենալու ոչ թե Ղարաբաղում, այլ ամբողջ Ադրբեջանում։ Հայաստանը համաձայն չէր այդ մեկնաբանության հետ եւ այն, որ հանրաքվեն չէր կայանում եւ պրոցեսն էլ առաջ չէր գնում, նշանակում էր՝ Ադրբեջանի դիրքորոշումը վճռորոշ էր, որովհետեւ Ղարաբաղը դե յուրե համարվում էր Ադրբեջանի մաս։ Սա արձանագրվել է նաեւ տարածքների փոխանակման, ընդհանուր պետության հայեցակարգերում։
Ու որքան երկար է ձգձգվել ժամանակը, այնքան Ադրբեջանի դիրքորոշումները կոշտացել են՝ առանց նախնական հարաբերականորեն ավելի բարենպաստ բանակցվող տարբերակներին վերադարձի հնարավորության։

























