Ընտրությունների և քաղաքական մրցակցության ժամանակ Եկեղեցին պարտավոր է պահպանել իր կուսակցական չեզոքությունը. Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ընտրությունների և քաղաքական մրցակցության ժամանակ Եկեղեցին պարտավոր է պահպանել իր կուսակցական չեզոքությունը. Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ

Ընտրությունների և քաղաքական մրցակցության ժամանակ Եկեղեցին պարտավոր է պահպանել իր կուսակցական չեզոքությունը. Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին:

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին՝ որպես հոգևոր և ազգային արժեքների պահապան, իր բնույթով վերկուսակցական կառույց է։ Նրա առաքելությունը վեր է կուսակցական շահերից, քաղաքական պայքարներից և իշխանության ձգտումներից։ Եկեղեցու նպատակը հոգևոր, բարոյական և ազգային կյանքի կառուցումն է, այլ ոչ թե քաղաքական ազդեցության կամ իշխանական մասնակցության ձգտումը։

Եկեղեցին ընտրական գործընթացներում

Ընտրությունների և քաղաքական մրցակցության ժամանակ Եկեղեցին պարտավոր է պահպանել իր կուսակցական չեզոքությունը։ Նա չի կարող և չպետք է հրապարակայնորեն սատարի որևէ կուսակցության կամ թեկնածուի։ Սա բխում է ոչ միայն Եկեղեցու վարկանիշի պահպանման անհրաժեշտությունից, այլ նաև նրա ծառայության առաքելությունից՝ լինել բոլոր հավատացյալների Եկեղեցին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։

Այս սկզբունքը վերաբերում է նաև յուրաքանչյուր հոգևորականի։ Թեև հոգևորականը (կամ նրանց մեծ մասը) Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և ունի քաղաքացուն վերապահված բոլոր իրավունքներն ու պարտականությունները, սակայն նրա առաքելությունը պահանջում է զերծ մնալ քաղաքական հայտարարություններից և կուսակցական կողմնորոշումներից՝ լինեն նրանք դիմադիր թե ընդդիմադիր։ Հոգևորականի խոսքը հասարակության մեջ մեծ ազդեցություն ունի, ուստի այն չպետք է դառնա կուսակցական շահերի գործիք։ Քվեախցիկում կամ քվեատուփի առջև հոգևորականն ազատ է բնականաբար իր ձայնը տալու իր նախընտրած քաղաքական ուժին և այդ մի ձայնով նպաստելու իր կողմից համակրած քաղաքական ուժի հաղթանակին։

Ազգային և կուսակցական հարցերի տարբերությունը

Կարևոր է հստակ տարբերակել ազգային և նեղկուսակցական հարցերը։ Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ այնպիսի խնդիրների նկատմամբ, որոնք առնչվում են ազգային ինքնության, հասարակական արդարության, մարդու իրավունքների, անձի արժանապատվության և բարոյական արժեքների պաշտպանությանը։ Այս ոլորտներում Եկեղեցին իրավունք ունի և պարտավոր է արտահայտել իր դիրքորոշումը՝ լինի դա խրախուսական, թե քննադատական։

Եկեղեցու այս դիրքորոշումը չի կարող դիտվել որպես քաղաքական միջամտություն։ Դա Եկեղեցու բնական պարտականությունն է՝ բարձրաձայնել հասարակական բարոյականության խախտումները և պաշտպանել մարդուն՝ որպես Աստծո պատկեր և նմանություն։

Կառավարության և Եկեղեցու հարաբերությունը

Կառավարությունն ու պետական մարմինները պարտավոր են հարգել եկեղեցու կարծիքը՝ այն ընկալելով ոչ թե որպես քաղաքական ընդդիմություն, այլ որպես բարոյական կողմնորոշիչ։ Եկեղեցու տեսակետը պետք է դիտվի որպես հասարակական և բարոյական խորհրդատվություն, որը կարող է նպաստել օրենքների կատարելագործմանը և պետական որոշումների բարոյական հիմքի ամրապնդմանը։ Պետական պատասխանատու մարմինները, բնականաբար, կարող են նաև չընդունել Եկեղեցու մոտեցումները։ Եկեղեցին իր հերթին կարող է շարունակել իր քննադատական խոսքը, հարցերը դարձնել հանրային քննարկման թեմա և օրինական միջոցներով հասարակական ճնշում գործադրել՝

նպաստելով օրենքների վերանայմանն ու ու բարեփոխմանը։

Սա է առողջ հասարակության և իրական ժողովրդավարության նշանը, երբ պետությունն ու Եկեղեցին գործում են փոխադարձ հարգանքի, համագործակցության և պատասխանատվության մթնոլորտում։

Քննադատության և վիրավորանքի տարբերությունը

Ժողովրդավար հասարակության կարևոր արժեքներից է քննադատության ազատությունը։ Սակայն քննադատությունը պետք է լինի կառուցողական՝ զերծ վիրավորանքներից, հայհոյանքներից, զրպարտությունից և բամբասանքներից։

Եկեղեցին իր օրինակով պետք է ձևավորի առողջ քննադատական մշակույթ՝ ցույց տալով, որ քննադատությունը և անվանարկումը երկու տարբեր կատեգորիաներ են։ Քննադատությունը բխում է և պետք է բխի դրական մտահոգությունից և ուղղված է բարեփոխմանն ու հարստացմանը, մինչդեռ վիրավորանքը միայն քայքայում է հասարակական միասնությունը։

Եկեղեցու և պետության հարաբերությունների հիմքում պետք է դրվեն փոխադարձ հարգանքը, պարտականությունների հստակ տարանջատումը և համագործակցությունը հասարակական բարօրության համար։

Եկեղեցին կոչված է պահպանելու ժողովրդի հոգևոր հավասարակշռությունը՝ առաջնորդվելով սիրո, արդարության և ճշմարտության սկզբունքներով։ Պետությունը, իր հերթին, պարտավոր է հարգել Եկեղեցու այս առաքելությունը և պաշտպանել նրա իրավունքը՝ ունենալու և արտահայտելու իր քրիստոնեական և մարդասիրական տեսակետը։

Միայն այս փոխադարձ գիտակցությամբ հնարավոր կլինի կառուցել հասարակություն, որտեղ Եկեղեցին և պետությունը՝ յուրաքանչյուրը իր դաշտում, ծառայում են մեկ նպատակին՝ մարդու արժանապատվության, արդարության և ազգային միասնականության պահպանմանը»,- գրել է նա։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Ընտրությունների և քաղաքական մրցակցության ժամանակ Եկեղեցին պարտավոր է պահպանել իր կուսակցական չեզոքությունը. Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ