Սեպտեմբերի 17-ը պացիենտի անվտանգության համաշխարհային օրն է

Այս տարվա կարգախոսն է. «Պացիենտների անվտանգությունը կյանքի սկզբից»:
Այն նվիրված է յուրաքանչյուր նորածնի և երեխայի համար անվտանգ բուժսպասարկման ապահովմանը, հատկապես` կենտրոնանալով ծննդյան պահից մինչև ինը տարեկանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օրվա խորհրդով մշակել է անվտանգության ապահովման կոչեր:
Ծնողներին
♦ Եղե'ք Ձեր երեխայի անվտանգության հովանավորը:
♦ Տեղեկացված եղե'ք:
♦ Ակտիվ մասնակցեք երեխայի բուժսպասարկման ընթացքում որոշումների կայացմանը:
♦ Հայտնե'ք Ձեր կարծիքը: Եթե ինչ-որ բան այնպես չէ, բարձրաձայնե'ք:
Դպրոցահասակ երեխաներին
♦ Տեղեկացրե'ք, եթե լավ չեք զգում, ցավ ունեք կամ ինչ-որ առողջական խնդիր անհանգստացնում է Ձեզ, մանրամասն նկարագրե՛ք, թե ինչ եք զգում:
♦ Հայտնե՛ք բժշկին կամ բուժքրոջը Ձեր ալերգիաների մասին:
♦ Հարցրե՛ք, թե նշանակված դեղերը ինչի՞ համար են:
♦ Եթե վնասվածք եք ստացել, հարցրեք` ինչպես այն մաքուր պահել մինչև լավանալը:
♦Պահպանե՛ք հիգիենայի նորմերը. հաճախ լվացե՛ք ձեռքերը, հազալիս կամ փռշտալիս փակե՛ք բերանը կամ օգտագործե՛ք անձեռոցիկ ու անմիջապես գցե՛ք աղբամանը:
Բուժաշխատողներին
♦ Տրամադրե՛ք անվտանգ և երեխայակենտրոն խնամք. համապատասխանեցրե՛ք բուժօգնությունը երեխայի տարիքին, քաշին և զարգացման փուլին:
♦ Մինչև ցանկացած միջամտություն իրականացնելը ստուգե՛ք ալերգիաների առկայությունը:
♦ Սերտ կապեր ստեղծե'ք ծնողների, խնամակալների և երեխաների հետ: Երեխաներին ներառե՛ք բուժման հարցերում որոշումների կայացման մեջ:
♦ Բարձրաձայնե՛ք անբարենպաստ պատահարների մասին և մասնակցե՛ք դրանց կանխարգելման վերաբերյալ քննարկումներին:

























