Եթե չլիներ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, կձևավորվե՞ին «Մեր ձևով» շարժումը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը. Բարսեղյան

Խորհրդարանական ընտրություններում ՔՊ թեկնածու Անուշավան Բարսեղյանը ֆեյսբուքյան գրառում է արել.
««Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասում է, որ եթե օտարերկրացիներին ասենք, որ այս երկիրը վատն է, ապա երբեք արտերկրյա ներդրումներ չենք բերի, և հենց այդ նկատառումներից ելնելով է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը մի քանի տարի առաջ գովեստի խոսքեր շռայլել ՀՀ տնտեսության հասցեին։
Իսկ երբ նույն Նարեկ Կարապետյանը ամերիկյան հայտնի լրագրող Թ․Կարլսոնին տված հարցազրույցում, ամերիկյան մեծ լսարանի առջև Հայաստանը ներկայացնում է որպես ավտոկրատ երկիր, իսկ իշխանություններին հակաքրիստոնյա, ի՞նչ նպատակ է հետապնդում։ Երևի դա Հայաստանում ներդրումներ անելու հրավեր էր Կարլսոնի՝ մեծամասամբ քրիստոնյա և լիբերալ լսարարանին, այո՞։
Ի դեպ այդ հարցազրույցում տնտեսության մասին իր գիտելիքներով հպարտացող Ն․Կարապետյանը շփոթում է գազը նավթի հետ՝ նույնիսկ լրագրողի ուղղումից հետո շարունակելով իր սխալ պնդումներն առ այն, որ Իսրայելը իր սպառած գազի 70%-ը ներկրում է Ադրբեջանից։ Իրականում Ադրբեջանը նավթ է արտահանում Իսրայել, իսկ Իսրայելը գազ արտահանող երկիր է։ Այս հարցազրույցի ընթացքում թույլ տված մյուս բացահայտ սխալ և պրիմիտիվ մեկնաբանությունները դեռ թողնենք մի կողմ։
Կարծում եմ մեր հանրությանը կհետաքրքրի նաև հետևյալ հարցի պատասխանը․ եթե չլիներ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, կձևավորվե՞ին «Մեր ձևով» շարժումը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, թե Հայաստանի «փրկության գործը» կհետաձգվեր։ Իսկ եթե քաղաքական գործունեությունն արդեն պլանավորված էր, արդյո՞ք «եկեղեցու պաշտպանի» դերը ստանձնելը քարոզչական բրենդինգ չէր։
Դեռ շատ առիթներ կլինեն, և մեր հարգելի լրագրողներին կխնդրեի բարձրացնել այս հարցերը»:


























