ՀՀ իշխանությունների օրակարգում չկա ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման և ՌԴ-ի հետ կապերը խզելու հարց. Միրզոյան

ՀՀ իշխանությունների օրակարգում չկա ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման և ՌԴ-ի հետ որևէ կապ խզելու հարց։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Արարատ Միրզոյանը։
«Հայաստանն այդ հարցերի շուրջ քննարկումներ չի ունենում»,-ասել է նա։
Նախարարը նշել է, որ Ռուսաստանին Հայաստանից դուրս թողնելու, Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապեր խզելու օրակարգ ՀՀ կառավարությունը չունի, այդպիսի քաղաքականություն չի վարվում եւ սա ուղիղ ասվում է նաև միջազգային մեր գործընկերներին։
«Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ։ Եթե մի օր հարց ծագի անդամակցել ԵՄ–ին, չի կարող հարց չծագել ԵՏՄ–ի մասով, երբ այդ պահը գա, մենք կնստենք ու որոշում կկայացնենք։ ԵՄ–ի հետ մեր հարաբերությունները գնալով խորանանում են»,– ասել է նախարարը։


























