Հե՜յ, ու՞ր եք «գործ տվողների» դեմ պայքարողներ. սովետական ԿԳԲ-ի գործակալին ասելիք չունե՞ք. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզրասի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին:
«Հե՜յ, ու՞ր եք «գործ տվողների» դեմ պայքարողներ։ Սովետական ԿԳԲ-ի գործակալին ասելիք չունե՞ք։
Գործ տվողը ոչ թե բաց ճակատով իրավապահներին օրինախախտման (հակահանրային արարքի) մասին հայտնողն է, գործ տվողը Հայաստանը զավթած Սովետական Միության հատուկ ծառայության գաղտնի գործակալ լինելն է։
Այսինքն, այդ մարդը համագործակցում էր ԿԳԲ-ի հետ, որ պայքարեն այլախոհների, հակակոմունիստական ու անկախական «տարրերի» դեմ։
Ասելիք չկա, վազեք Եզրասներին պաշտպանելու, Սովետական ԿԳԲ-ի գործերի չխառնվելու պրինցիպի մասին թեզեր գրեք և միացեք «Սահմանադրական կարգը պետք է տապալել, բայց սահմանադրությամբ մեր իրավունքները չխախտեք» միությանը»,- գրել է նա։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։
ԱԱԾ փոխանցմամբ՝ բացի այդ՝ առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։
Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։


























