Ժողովրդին առաջարկելու ոչինչ չունեցող ընդդիմությունը փորձելու է ապատեղեկատվությամբ քվե մուրալ. Մանավազյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անվան շուրջ ապատեղեկատվության ալիքին:
«Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անվան հետ կապված ապատեղեկատվությունը ընդդիմության հերթական հակաքարոզչական քայլերից է, որով փորձում են թիրախավորել Աննա Հակոբյանին։ Պատճառն ակնհայտ է․ մարդիկ, որոնք ժամանակին ազգուտակով բիզնեսներ են ունեցել ու միջամտել այլոց գործունեությանը, այսօր փորձում են նմանատիպ խոսակցություններ տարածել։ Ստացվում է, որ փաստացի այդ գործողություններն արած թալանչիներն ու նրանց արբանյակները փորձում են հասարակ կենցաղով ապրող մարդկանց նույնացնել իրենց հետ։
Իսկ ո՞րն է այս ապատեղեկատվության իրական պատճառը։ Ասեմ․ մարդիկ արդեն հասկացել են, թե Ղարաբաղի հետ կապված հարցում ովքեր են մեղավորները, և այդ թեմայով այլևս հնարավոր չէ մանիպուլյացիաներ և շահարկումներ անել։ Տնտեսական վիճակի մասին նույնպես չեն կարողանում խոսել, քանի որ ցանկացած համեմատությամբ պարզ կդառնա՝ տարիներ շարունակ ոչինչ չեն արել՝ բացի թալանից։ Արդյունքում մնում է այս տարբերակը՝ տարբեր խոսակցությունների մակարդակով կեղծիքներ օրակարգ մտցնել։
Հանրությունն այս ամենը ևս հասկանում է ու չի տրվելու այդ սադրանքներին։ Ընդդիմություն լինելը այս մարդկանց համար որևէ խոսքի պատասխանատվություն չի ենթադրում, տարիներ շարունակ մեկը մյուսի հետևից իրար հակասող տեղեկություններ են տարածել՝ մտածելով, թե քանի հոգի էլ հավատա օգուտ է։
Արդեն չեմ էլ հիշում, թե քանի անգամ նույն կերպ վարչապետի մասին գրեցին, թե արտերկրում տներ ունի․ սկզբում Կանադայում էր, հետո՝ Ֆրանսիայում, և բոլորը, բնականաբար, սուտ էին։
Սա հիբրիդային պատերազմի հերթական դրսևորումներից է, և բոլորս պետք է աչալուրջ լինենք, քանի որ մինչև 2026 թվականի ընտրությունները ժողովրդին առաջարկելու ոչինչ չունեցող ընդդիմությունը փորձելու է ապատեղեկատվությամբ քվե մուրալ։
Բայց չի ստացվելու»,- գրել է Մանավազյանը:

























