Սերժ Սարգսյանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Հրապարակված փաստաթղթերից ամենաուշագրավը, թերևս, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն ընդհանրացնում է 2016 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ առկա իրավիճակը ԼՂ բանակցությունների վերաբերյալ։
Եվ այստեղ պետք է արվեն մի շարք կարևոր արձանագրումներ։
Նախ, Սերժ Սարգսյանն այդ նամակում հնչեցնում է գնահատականներ, որոնք ցույց են տալիս, որ․
ա) Սերժ Սարգսյանն ունեցել է ռազմական կամ պատերազմական գործողությունների վերսկսման բարձր հավանականության գնահատական,
բ) արձանագրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սպառազինությունների բալանսը խախտված է,
գ) ընդգծել է, որ «միջանկյալ կամ վերջնական կարգավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հայտարարությունը բավարար փոխհատուցում չէ տարածքների իրական հանձնման դիմաց»,
դ) Ադրբեջանը չի վերցնում իր վրա հստակ պարտավորություններ ԼՂ հանրաքվեի և ԼՂ միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ և որպես այս գնահատականի հիմնավորում արձանագրել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը մշտապես հղում է անում Ադրբեջանի Սահմանադրությանը՝ որպես ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու խոչընդոտ, քանի որ նա դա համարում է Ադրբեջանի ներքին հարցը:
Նամակից երևում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը խնդիր է տեսել ՌԴ կողմից ակնկալվող ռազմաքաղաքական աջակցության վերաբերյալ՝ հակառակ պարագայում չէր լինի տվյալ նամակի անհրաժեշտությունը։ Ռազմական բալանսը խախտվել էր, այդ թվում՝ Ադրբեջանին ՌԴ ակտիվ սպառազինելու արդյունքում։ Գումարած՝ ի հեճուկս ՀՀ ընդհանուր առմամբ միաբևեռ արտաքին քաղաքականության, որը ենթադրաբար նպատակ ուներ ԼՂ հարցում ՌԴ բարեհաճությունը շահել, բանակցային սեղանին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից առաջ էին քաշվել մոտեցումներ («Լավրովի պլանը»), որոնք 2016թ.-ին փաստի առաջ էին կանգնեցրել Հայաստանի իշխանություններին և Սերժ Սարգսյանին։
Դա է պատճառը, որ այս նամակը Սերժ Սարգսյանն ուղղում է հենց Վլադիմիր Պուտինին, ոչ թե ԱՄՆ կամ Ֆրանսիայի նախագահներին՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներ։ Այդ նամակից է, որ վերծանում ենք, որ 2016թ.-ի օգոստոսին Սերժ Սարգսյանը հասկացել է, որ անելանելի վիճակում է, և եթե ՌԴ կողմից մոտեցումը չփոխվի, ապա պատերազմն անխուսափելի է, ընդ որում՝ խախտված ռազմական բալանսի պարագայում անխուսափելի է՝ կանխատեսելի արդյունքով։
Աղբյուրը՝ ՀՀ կառավարություն
























