Հարավային Կովկասում տարբեր նախագծերի իրագործման միջոցով հաղորդակցային ուղիների բացումը և տարածաշրջանի բոլոր մասնակիցների շահերի համատեղումը հեշտ չէ. Իսկանդարյան

Հարավային Կովկասում տարբեր նախագծերի իրագործման միջոցով հաղորդակցային ուղիների բացումը և տարածաշրջանի բոլոր մասնակիցների շահերի համատեղումը հեշտ չէ, սակայն սա չի նշանակում, որ դա անհնար է․ պարզապես սա բավականին լուրջ և նուրբ աշխատանք է պահանջում։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադարձ կատարելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ», ինչպես նաև ՀՀ տարածքում ԱՄՆ-ի հետ համատեղ ջանքերով ստեղծվելիք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) նախագծի իրագործման հեռանկարներին։
Խոսելով այդ նախագծերի իրականացման և Հայաստանի Հանրապետության համար դրանց կյանքի կոչման կարևորության մասին՝ քաղաքագետը նկատել է, որ ՀՀ կառավարության կողմից խթանվող այդ նախագծերի իրականացումը տրամաբանական է և հասկանալի։
«Ճանապարհներ և հաղորդակցություններ բացելով՝ Հայաստանի ներկա իշխանությունները նպատակ ունեն ապահովել ավելի կայուն իրավիճակ տարածաշրջանում և նվազեցնել ռիսկերը, որոնք կարող են գալ Ադրբեջանից։ Եթե խոսենք հեռանկարների մասին, ապա սրանք շատ տարբեր բաներ են: Ի վերջո, տեղի ունեցողը հեռու է վերջից, սա դեռ սկիզբն է: Վաշինգտոնում ստորագրվածը հռչակագիր է․ հռչակագիր, որի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունում են, որ հաղորդակցություններն անհրաժեշտ են»,-նշել է Իսկանդարյանը։

























