Գյումրիի քաղաքապետարանի դիմաց ի պաշտպանություն համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի հավաքված ցուցարարների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ

Գյումրիի քաղաքապետարանի դիմաց ի պաշտպանություն համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի հավաքված ցուցարարների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ, կան բերման ենթարկվածներ։
Գյումրիի համայնքապետարանի մոտ ոստիկանության աշխատակիցները փորձում էին ոստիկանական պատ կազմել, որպեսզի իրավապահները կարողանան համայնքապետարանի շենքից դուրս հանել համայնքապետ Վարդան Ղուկասյանին, որին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալելու որոշում է կայացրել։
Մի խումբ ցուցարարներ փորձեցին խոչընդոտել ոստիկանության գործողություններին, ինչից հետո էլ ոստիկանների և նրանց միջև բախում սկսվեց։ Համացանցում տարածվող տեսանյութերից երևում է, որ ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիների։
Ներքին գործերի նախարարությունից «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին, որ կան բերման ենթարկվածներ։ Թե քանի անձ է բերման ենթարկվել, ՆԳՆ-ից չհայտնեցին՝ խոստանալով ավելի ուշ տեղեկատվություն տրամադրել նաև բերման ենթարկվածների թվի վերաբերյալ։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանին և համայնքապետարանի ևս 7 աշխատակիցների կալանավորելու որոշում է կայացվել։ Նրանք մեղադրվում են կաշառք պահանջելու և ստանալու մեջ։

























