Կառավարության նիստում Արսեն Թորոսյանը ներկայացրեց անհուսալի վարկերի մարման ծրագրի շարունակության վերաբերյալ հարցը

Կառավարության սեպտեմբերի 11-ի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց անհուսալի վարկերի մարման ծրագրի շարունակության վերաբերյալ հարցը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ ծրագրի նպատակը շահառուների տնտեսական ակտիվության խթանումն է։
Սեպտեմբերի 9-ի դրությամբ ծրագրից օգտվել է 5715 քաղաքացի, որոնցից 789-ի վարկերն ամբողջությամբ մարվել են։ Մեկ շահառուի միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 201.000 դրամ՝ նախորդ ցուցանիշից բարձր լինելով մոտ ➕37%։ Սա խոսում է ստվերից դուրս գալու միտման մասին:
Ամբողջությամբ մարված վարկերի համար հատկացվել է շուրջ 156 մլն դրամ, սակայն 540 շահառու դուրս է մնացել ծրագրից՝ չբավարարելով նվազագույն աշխատավարձի պահանջները։
Այս պահին ակտիվ շահառուների թիվը կազմում է 4381։
Վերջին 6 ամիսներին ծրագրի վրա ծախսվել է շուրջ 500 մլն դրամ, իսկ առաջիկա 3 ամիսներին նախատեսվում է հատկացնել ևս մոտ 500-525 մլն: Ընդհանուր հատկացվել է մոտ 1 մլրդ դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց ծրագրի արդյունավետության բարձրացումը և նշեց բանկային համակարգի հետ ավելի նպատակային աշխատանքի անհրաժեշտությունը։
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը ընդգծեց, որ քաղաքացիները ավտոմատ կարող են դառնալ ծրագրի շահառու և մերժում չի կարող լինել։
Նա նշեց, որ բանկերի կողմից ակտիվ իրազեկումը կարող է մեծացնել մասնակցությունը, սակայն պահանջվում է խորքային վերլուծություն ՝ հասկանալու համար, թե պոտենցիալ շահառուներից քանիսն են իրականում Հայաստանում և պատրաստ օգտվելու այդ հնարավորությունից։
Թորոսյանը հավելեց, որ նույնիսկ ֆորմալ զբաղվածություն ունեցողները հաճախ չեն օգտվում ծրագրից։
«Դրա համար մենք պետք է նույնիսկ անհատական մակարդակով առաջարկենք քաղաքացիներին, քանի որ այս ծրագիրը հենց իրենց համար է նախատեսված»։
























