Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ օգոստոսի 6-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ նշանակված Տաթև Ասլանյանը բարձրագույն կրթությունն ստացել է Նիդերլանդներում: Այսպիսով, աշխարհի առաջատար 200 համալսարանների շրջանավարտներին ՀՀ կառավարության կադրային բանկում ընդգրկվելու և բարձր պաշտոնների նշանակվելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կոչը տալիս է առաջին գործնական արդյունքները:
«Արմենպրես»-ը ներկայացրել է Տաթև Ասլանյանի կենսագրությունը:
Ծննդյան տարեթիվ, ամիս/օր, ծննդավայր
1995 թ., սեպտեմբերի 8, Կոտայքի մարզ, Նոր Հաճըն
Կրթություն
2018–2019 թթ. - Էրազմուսի Ռոտերդամի համալսարան (Նիդերլանդներ), «Էկոնոմետրիկա և կառավարման գիտություն» ( բարձրագույն մաթեմատիկա և ստատիստիկա), մագիստրոսի աստիճան (M.Sc.): 2015-2018թթ. - Տիլբուրգի համալսարան (Նիդերլանդներ), «Էկոնոմետրիկա և գործառնությունների հետազոտություն», բակալավրի աստիճան (B.Sc.):
Աշխատանքային գործունեություն
2025-2026 թթ. - SeleneX, համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն (CEO) և արհեստական բանականության գլխավոր ճարտարապետ (Chief AI Architect)։ SeleneX-ն արհեստական բանականության վրա հիմնված առողջապահական (HealthTech/BioTech) ընկերություն է՝ ձվարանների քաղցկեղի վաղ ախտորոշման, անհատականացված բուժման և հետբուժական խնամքի ուղղությամբ։ Ղեկավարում է միջազգային թիմ՝ ավելի քան 12 ինժեներ և 17 գիտությունների թեկնածու (PhD), ներառյալ առաջատար ուռուցքաբաններ, ռադիոլոգներ և կլինիկական բժշկության մասնագետներ։ 2023–2026 թթ. – LunarTech, համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն (CEO)։ Ընկերության կրթական ծրագրերն ընդգրկում են ավելի քան 50,000 ուսանող՝ 144 երկրներում։ Ընկերությունը ներառվել է Տեխասի լավագույն 150 ԱԲ նորարարների ցանկում (Global Investor Forum, 2026 թ.), արժանացել Եվրոպական նորարարական խորհրդի (EIC) «Seal of Excellence» մրցանակին (2026 թ.), իսկ LunarTech Academy-ն ճանաչվել է 2025 թ. տվյալների գիտության լավագույն ծրագրերից մեկը։ Համագործակցել է Fortune 500 ընկերությունների հետ Նիդերլանդներում, ԵՄ-ում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ 2026 թ. – Octavia, համահիմնադիր. գեներատիվ արհեստական բանականության վրա հիմնված տեսանյութերի կրկնօրինակման և թարգմանության հարթակ։ 2022–2023 թթ. – Arcurve, ավագ տվյալների գիտնական (Senior Data Scientist, AI enge): 2019–2022 թթ. – RELX (Elsevier), տվյալների գիտնական և արհեստական բանականության մասնագետ (Data Scientist&AI Engineering): 2019թ. – Newcraft, տվյալների գիտնական: 2016–2018 թթ. – StudentvoorStudent, ուսանողների խորհրդատու և մենթոր (Data Science, Econometrics, Machine Learning):
Այլ գործունեություն
Գիտական հոդվածների հեղինակ՝ հրապարակված ACM Applied Computing Review գիտական հանդեսում (2021թ.) և ներկայացված ACM/SIGAPP միջազգային գիտաժողովում (Թայբեյ, 2021 թ.)։ Ավելի քան 10 հրապարակված ձեռնարկների և գրքերի հեղինակ արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և տվյալների գիտության ոլորտներում (ներառյալ freeCodeCamp-ի բաց կոդով ստեղծողների լավագույն 5-յակը՝ 75-ից)։ Համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական և ԱԲ համաժողովների բանախոս, ներառյալ Web Summit-ը և ACM/SIGAPP գիտաժողովները։ Արհեստական բանականության ոլորտի միջազգային հարթակների և վարկանիշների մասնակից (այդ թվում՝ Տեխասի լավագույն 150 ԱԲ նորարարների ցանկ և Եվրոպական նորարարական խորհրդի (EIC) «Seal of Excellence» մրցանակ)։
Լեզուների իմացություն
Հայերեն, անգլերեն, հոլանդերեն, ռուսերեն:
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին աշխարհի առաջատար 200 համալսարանների շրջանավարտներին հրավիրել էր ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում։ Օգոստոսի 4-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ արդեն իսկ ստացել են 1141 հայտ, դիմումների ուսումնասիրության և նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ։ Վարչապետը նաև հայտնել էր, որ մի խումբ դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում է կայացրել առաջիկայում կլինի այդ որոշումների դե յուրե իրագործումը։

















