ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի պարզաբանում-հերքում է ներկայացրել «Հրապարակ»-ի՝ «Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ։
«Ապրիլի 3-ին «Հրապարակ» օրաթերթը տպագրել է «Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից» վերտառությամբ հոդվածը, որը արտատպվել է մի շարք հայաստանյան լրատվամիջոցներում:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ նյութում առկա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և առերևույթ պարունակում է իրական խնդրից շեղելու միտում:
«Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից, քանի որ խախտել է աշխատանքային որոշ պարտականություններ, որոնք արձանագրել է վերջերս ՀՀ կրթության տեսչական մարմինը։
Ստորև ներկայացնում ենք իրականացված տեսչական և իրավական գործընթացների ողջ համայնապատկերը՝ անաչառ դիտորդի մոտ հնարավոր կասկածները և թյուրըմբռնումները վերացնելու նպատակով:
Այսպես՝
ՀՀ կրթության տեսչական մարմնի խորհրդի՝ 2025 թվականի նոյեմբերի 25-ի N5-L որոշմամբ հաստատված ՀՀ կրթության տեսչական մարմնի 2026 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված են ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 10 ՊՈԱԿ-ներ՝ «Արաքսի միջնակարգ դպրոց», «Արևաշատի միջնակարգ դպրոց», «Դաշտի միջնակարգ դպրոց», «Հայթաղի Հ. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց», «Նորակերտի միջնակարգ դպրոց», «Նոր Արմավիրի միջնակարգ դպրոց», «Ջրարբիի միջնակարգ դպրոց», «Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N4 հիմնական դպրոց», «Վաղարշապատի Վահան Ռշտունու անվան N11 հիմնական դպրոց» և «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներ (պաշտոնական կայքէջ՝ https://www.eib.am/hy/applications, «ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ» բաժին)։
ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2026 թվականի մարտի 25-ի N01/05.1/251-2026 գրության համաձայն՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի 2026 թվականի փետրվարի 24-ի N35-Ա հրամանի հիմքով «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվել է տեսչական ստուգում՝ դպրոցի կողմից կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Նույն գրությամբ ներկայացվել է ՀՀ տեսչական մարմնի 2026 թվականի մարտի 20-ի N10/Դ-Ա ակտը՝ ՊՈԱԿ-ում իրականացված ստուգման վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ տեսչական մարմնի ղեկավարի 2026 թվականի մարտի 20-ի NԴ-23-Ա կարգադրագիրը, որի համաձայն՝ խախտումների վերացման ուղղությամբ դպրոցի տնօրենին տրվել են հանձնարարականներ:
ՀՀ Արմավիրի մարզպետի՝ 2026 թվականի մարտի 26-ի N01/11.1/02231-2026 և N01/11.1/02211-2026 գրություններով, ՀՀ կրթության տեսչական մարմնի 2026 թվականի մարտի 20-ի N10/Դ-Ա ակտով արձանագրված խախտումները գնահատելու համար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի հիմքով «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվել է նույն ակտի 10-րդ կետի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերի վերաբերյալ եռօրյա ժամկետում ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ ներկայացնել համապատասխան գրավոր բացատրություն:
Ակտի առանձնացված կետերի խախտումները վերաբերելի են ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համալրման կարգի խախտումների, համապատասխան մրցույթներ չհայտարարելու, դպրոցի որոշ աշակերտների հեռավար ուսուցումը սահմանված կարգով չիրականացնելու, ինչպես նաև դպրոցի ծնողական խորհրդի նախագահի ընտրության և ընդգրկվածությունը մանկավարժական խորհրդում չարձանագրելու փաստերին։
«Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի տված համապատասխան բացատրությամբ չեն ընդունվել Ակտով արձանագրված խախտումները։
Նշվածի հիմքով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 123-րդ հոդվածով, 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, նաև հիմք ընդունելով ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի 2026 թվականի մարտի 25-ի N01/05.1/251-2026 գրությունը, ՀՀ Արմավիրի մարզպետի 2026 թվականի մարտի 26-ի NN 01/11.1/02231-2026 և 01/11.1/02211-2026 գրությունները և «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի 2026 թվականի մարտի 27-ի թիվ-թիվ 236 և 237 գրություններով ներկայացված բացատրությունները, Կարինե Սմբատյանի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով ՀՀ Արմավիրի մարզպետի 2026 թվականի մարտի 30-ի N177-Ա որոշմամբ նա ազատվել է «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից և լուծվել է նրա հետ 2021 թվականի հուլիսի 7-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։
ՀՀ Արմավիրի մարզպետի՝ 2026 թվականի մարտի 30-ի N177-Ա որոշումը հրապարակված է մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հղումով՝ http://armavir.mtad.am/decisions/ «Իրավական ակտեր» բաժնի «Մարզպետի որոշումներ» ենթաբաժնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։