Պատմական հռչակագիր Վաշինգտոնում՝ 35 տարվա հակամարտությունից հետո

«35 տարի կռվել են ու հիմա ընկերներ են լինելու երկարաժամկետ։ Մեծագույն պատիվ է ողջունել երկու հրաշալի առաջնորդներին Սպիտակ տանը, որպեսզի ստորագրեն այս պատմական հռչակագիրը», — ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Թրամփը նաև հավելել է. «Մեծ պատիվ է ինձ համար, որ երթուղին կրելու է իմ անունը։ Եթե ինչ-որ բան չստացվի, զանգեք ինձ, ես կշտկեմ ամեն ինչ»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահ է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը կգտնեն քաջություն և պատասխանատվություն հաշտվելու, ժողովուրդներն էլ կհաշտվեն։ Շուռ կտանք առճակատման էջը և պայծառ ապագա կապահովենք մեր երեխաներին»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է տարածաշրջանին և աշխարհին՝ ասելով, որ այս հաջողությունն անհնար կլիներ առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության ու վճռական հանձնառության խաղաղություն հաստատելու համար։
Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին Խաղաղության համաձայնագրի մտադրության մասին պատմական հռչակագիր։






























