2025-ի առաջին 9 ամիսներին պետբյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 7.4 միլիարդ դրամով

Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին գերակատարվել են 7.4 միլիարդ դրամով։
Ինչպես հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր «Տելեգրամ» ալիքում, հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 2 տրիլիոն 13 միլիարդ դրամհարկային եկամուտ և պետական տուրք։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 13.9 տոկոսով կամ 245.6 միլիարդ դրամով։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ազնվորեն աշխատում են, արդյունք են ստեղծում և վճարում օրենքով սահմանված հարկերը, ինչպես նաև պետական ծառայողներին, որոնց աշխատանքի շնորհիվ ապահովվել է եկամուտների աճը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հարկային կարգապահության բարձրացումը և տնտեսության աճը հիմք են ստեղծում պետբյուջեի եկամուտների կայուն աճի համար, ինչը թույլ է տալիս պետական ծրագրերի ավելի արդյունավետ իրականացում։

























