Հայաստանի և Պակիստանի միջև արդեն իսկ կան դիվանագիտական հարաբերություններ՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համահունչ. ԱԳՆ

Անտեղյակ աղբյուրներին տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Պակիստանի միջև արդեն իսկ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին համահունչ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում արձագանքելով ՏԱՍՍ-ի՝ սեփական աղբյուրներին արված հրապարակմանը՝ ասել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Համապատասխանաբար, «ՄԱԿ-ում ճանաչման» խնդիր օրակարգում, բնականաբար, չկա: Մեր կողմից հաղորդակցությամբ արդեն տեղեկացրել ենք, որ երկու երկրները, զարգացնելով երկկողմ համագործակցություն, կքննարկեն նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ դա լինի ՇՀԿ, թե ԵԱՏՄ կամ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կառույց»,- հավելել է նա:
Նկատենք՝ ՏԱՍՍ-ի հրապարակման համաձայն՝ «Պակիստանը կճանաչի Հայաստանը ՄԱԿ-ում, ինչն էլ նրան «կանաչ լույս» կտա դեպի ԵԱՏՄ»:

























