ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելիի հանդիպումը

2025 թվականի սեպտեմբերի 2-ին, աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելիին։
Հանդիպման ընթացքում երկու երկրների մշակույթի նախարարները քննարկել են հայ-չինական մշակութային համագործակցության ներկա վիճակը, դրա զարգացման հեռանկարները և նոր նախաձեռնությունների իրականացումը։ Կողմերը ընդգծել են, որ հազարամյակների պատմություն ունեցող և հարուստ մշակութային ժառանգություն ունեցող ժողովուրդների համար մշակութային կապերի խորացումն ունի ռազմավարական նշանակություն՝ ինչպես մշակութային, այնպես էլ մարդասիրական և կրթական ոլորտներում։
Նախարար Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի և Չինաստանի առաջատար թանգարանների միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում կայացել են մի շարք համատեղ ցուցահանդեսներ և մշակութային միջոցառումներ։ Նրա խոսքով՝ այս ձևաչափով երկխոսությունն ապահովում է մշակութային կապերի կենդանությունն ու համատեղ արժեքների տարածումը։
Իր հերթին նախարար Սուն Յելին շեշտել է, որ երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների առկայությունը նոր խթան է հանդիսանում փոխադարձ զբոսաշրջության զարգացման համար՝ ստեղծելով ավելի դինամիկ պայմաններ մշակութային զբոսաշրջության խթանման նպատակով։
Կողմերը նաև քննարկել են՝
-
համատեղ մշակութային օրերի կազմակերպման,
-
միջազգային ծրագրերում համատեղ նախաձեռնությունների իրականացման,
-
մասնագետների փոխանակման,
-
ինչպես նաև մշակութային արժեքների պահպանման և վերականգնման ոլորտում փորձի ու գիտելիքի փոխանակման հնարավորությունները։
Հանդիպման ավարտին ստորագրվել է 2026–2029թթ. մշակութային համագործակցության ծրագիր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարության միջև։ Փաստաթուղթը նպատակ ունի համակարգված և շարունակական դարձնել մշակութային ծրագրերի իրականացումը՝ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման համատեքստում։
























