Ադրբեջանի Միլլի մեջլիսում հայտնել են Թուրքիայից Բաքվի դեմ տեղեկատվական արշավի մասին:

Ադրբեջանի Միլի մեջլիսի Արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ժամանակավոր հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրել է Թուրքիայի տարածքից վերջին օրերին սոցիալական մեդիահարթակների միջոցով Բաքվի դեմ իրականացվող տեղեկատվական արշավը:
Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ դիտարկման արդյունքում պարզվել է, որ որոշակի կենտրոնների կողմից իրականացված արշավի նպատակը ադրբեջանա-թուրքական բարեկամության և դաշնակցային հարաբերություններին հարված հասցնելն է, ինչպես նաև հասարակական կարծիքը մոլորեցնելը, քաղաքացիների մոտ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ անվստահություն ձևավորելը և հասարակության մեջ բևեռացում ստեղծելը:
«Քարոզչությունն իրականացվում է համակարգված՝ թիրախավորված գովազդի, սոցիալական ցանցերում իրական և կեղծ հաշիվների միջոցով։ Ադրբեջանում և Թուրքիայում որոշ մարդիկ ևս աջակցում են այս նենգ արշավին։ Միևնույն ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ նման գործունեությունը իրավական պատասխանատվություն է առաջացնում, արշավը դեռ շարունակվում է: Հարկ է նշել նաև, որ համակարգված տեղեկատվական արշավի մասնակիցների մասին տեղեկատվությունը կներկայացվի Ադրբեջանի Հանրապետության համապատասխան պետական մարմիններին»,- ասված է հանձնաժողովի եզրակացության մեջ:
Այն կոչ է արել Թուրքիայում բնակվող Ադրբեջանի քաղաքացիներին ուշադիր լինել նման զգայուն ժամանակահատվածում և չհավատալ կեղծ տեղեկատվությանը:













