Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը կանցակցվի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 5-7-ը

Երևանը սեպտեմբերին կրկին վերածվելու է գրքի մայրաքաղաքի։ Սեպտեմբերի 5-ից 7-ը կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը՝ Հայաստանի ամենասպասված գրական միջոցառումներից մեկը։ Երեք օր շարունակ մայրաքաղաքի սրտում՝ Հանրապետության հրապարակում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պատմության թանգարանում կկենտրոնանան գրականության, մշակույթի և գաղափարների սիրահարները։
Միջոցառումների շրջանակում տեղի կունենան գրքերի շնորհանդեսներ, բանաստեղծական ընթերցումներ, միջազգային հեղինակների մասնակցությամբ հանդիպումներ, գրական դասախոսություններ, կինոդիտումներ, երաժշտական կատարումներ և արվեստային պերֆորմանսներ։ Բացի դրանից, փառատոնի այցելուները կարող են մասնակցել սցենարիստների, գրողների, հրատարակիչների միջև կազմակերպվող փիթչինգի և B2B համագործակցային հանդիպումներին։
Գրքի տոնավաճառը կգործի ինչպես Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում, այնպես էլ Հանրապետության հրապարակում։ Այն կգրավի ընթերցասերների ուշադրությունը ոչ միայն հարուստ տեսականիով, այլև գրքերի 20-50% պարտադիր զեղչերով։
Փառատոնը կբացվի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, բացման պաշտոնական արարողությամբ։ Նույն օրը կկայանան ընթերցումներ անգլերեն պոեզիայից, հանդիպումներ հայ և միջազգային հեղինակների հետ, մասնավորապես՝ Հելեն Մորտի (ՄԹ), Ահմադ Աքբարպուրի (Իրան), Մարկ Արենի, Լուսինե Հովհաննիսյանի և այլոց մասնակցությամբ։ Երեկոյան կանցկացվի գրական ստենդափ և բացօթյա պերֆորմանս՝ գրքի ու գույների փոխհարաբերության մասին։
Սեպտեմբերի 6-ի ծրագիրը կներառի մի շարք գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ կինոյի և գրականության փոխկապվածության մասին, պոետիկ ընթերցումներ, ինչպես նաև մանկական ներկայացում և երաժշտական կատարում՝ բացօթյա տարածքում։ Այդ օրը կներկայացվեն նաև Ուիլյամ Սարոյանի, Թրեյսի Շևալյեի և Ալեքսեյ Վարլամովի գրքերը։
Փառատոնի վերջին օրը՝ սեպտեմբերի 7-ին, կնշանավորվի խորը վերլուծական քննարկումներով՝ ընթերցողական մշակույթների, փոքր լեզուներով ստեղծագործելու մարտահրավերների և հայ մշակութային ժառանգության թեմաներով։ Կկայանան մի շարք նոր գրքերի շնորհանդեսներ, այդ թվում՝ Ռուբեն Գալչյանի, Էրիխ Ֆրոմի, Ռադկա Դենեմարկովայի աշխատությունները։ Երեկոյան՝ Հ. Պարոնյանի անվան թատրոնում, կկայանա փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և գրական մրցանակաբաշխությունը։
Գրքի երևանյան միջազգային փառատոնը յուրաքանչյուր տարի ընդլայնում է իր աշխարհագրությունը՝ ներգրավելով հեղինակների, հրատարակիչների և ընթերցողների աշխարհի տարբեր երկրներից։ Այս տարվա փառատոնը դառնալու է միջազգային գրական երկխոսության հարթակ՝ միավորելով մարդկանց՝ անկախ լեզվից, տարիքից ու մշակութային պատկանելիությունից։
Փառատոնի նախաձեռնողն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։
Քաղաքը կարդում է։ Իսկ դու՞։
























