Ալեն Սիմոնյանի ընտանիքի մտերիմ Աննա Աբրահամյանը դատի է տվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին

Ըստ armlur.am՝ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին հինգերորդ դատական հայցն է ներկայացվել: Այս անգամ հայցը ներկայացրել է Աննա Աբրահամյանը, ով պահանջում է զրպարտություն պարունակող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնել:
Աղբյուրի տեղեկություններով՝ Աննա Աբրահամյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքի մտերիմ ընկերներից է: Մոտ մեկ ամիս առաջ «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակում, ուղիղ եթերում՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի մասնակցությամբ, «Ով ում է դոմփում ՔՊ-ում» վերնագրով թողարկման ընթացքում հրապարակվել էին Աննա Աբրահամյանի անձնական տվյալներ: Աբրահամյանը պահանջում է հերքել այդ տեղեկությունները՝ նշելով, որ դրանք զրպարտություն են:
Նախորդ հայցերը ներկայացվել էին օգոստոսի 4-ին՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի կողմից, օգոստոսի 8-ին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից, և օգոստոսի 15-ին՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի կողմից: Պետրոսյանը պահանջել է 4,000,000 ՀՀ դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և պարտավորեցնել Սաղաթելյանին հրապարակային ներողություն հայտնել նույն լրատվականով կամ առնվազն 3,000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլով:

























