Ռոմանոս Պետրոսյանի խիստ հանձնարարականով ապամոնտաժվում են փտած փայտե էլեկտրասյուները. «Շամշյան»
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ օգոստոսի 18-ին Աբովյան քաղաքի գերեզմանների տարածքից հրապարակված տեսանյութով մեծ թվով քաղաքացիներ դիմել են ՀԷՑ-ին՝ տարիներ շարունակ չվերափոխված և արդեն «մահաբեր» անուն ստացած փայտե էլեկտրասյուները ապամոնտաժելու խնդրանքով։
Սյուները տեղադրված են սովետական տարիներից, դրանց մի մասը յուրաքանչյուր պահի կարող էր տապալվել ու վնասել շիրիմները։
Շամշյանի տեղեկություններով՝ հրապարակումից ժամեր անց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ հրատապ խորհրդակցություն է կայացել, որի արդյունքում Աբովյանի էլեկտրոցանցի աշխատակիցները արդեն սկսել են փտած սյուների ապամոնտաժումը։ Աշխատանքները կշարունակվեն մի քանի օր՝ հաշվի առնելով սյուների մեծ քանակը։
Նրա փոխանցմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանի և Դավիթ Խուդաթյանի մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում նաև որոշվել է, որ նոր մոնտաժվող էլեկտրալարերը կանցկացվեն ոչ թե օդով, այլ գետնի տակով, ինչը համարվում է ավելի ապահով ու անվտանգ լուծում։

























