Հայկ Մարությանի քաղաքական որոշումների հետևանքով չձևավորվեց ընդդիմադիր մեծամասնություն Երևանի ավագանիում։ Վահե Եսայան

Երեկվա նախընտրական բանավեճի ընթացքում Նարե Արամյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայկ Մարությանը չբանակցեց քաղաքապետ ընտրվելու համար, հայտարարեց, որ բանակցել է։
Այս դեպքում հարց է առաջանում․ կամ Նարե Արամյանը չի ներկայացնում իրականությունը, կամ էլ իր ղեկավարն ամբողջական տեղեկություն չի փոխանցել։ Հանրությանը հայտնի է, որ նշանակված հանդիպումներից առնվազն երկու անգամ Հայկ Մարությանը չի մասնակցել, փոխարենը հանդիպումներին մասնակցել են այլ ներկայացուցիչներ։
Իմ գնահատմամբ՝ հենց Հայկ Մարությանի քաղաքական որոշումների հետևանքով չձևավորվեց ընդդիմադիր մեծամասնություն Երևանի ավագանիում։ Այս մասին երկար ժամանակ լռել եմ, սակայն երբ այսօր տարբեր հարթակներում փորձ է արվում ողջ պատասխանատվությունը բարդել «Հանրային ձայն» խմբակցության վրա և այդ ֆոնին քաղաքական դիվիդենտներ շահել, անհրաժեշտ եմ համարում արձանագրել իրականությունը։
Հետևությունները թողնում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ։
Վահե Եսայան
«Հանրային ձայն» խմբակցության քարտուղար

























