Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովայի հետ։
Բուլղարիայի Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Հայաստանում է՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու նպատակով։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով իր պաշտոնակցին, շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու և Երևանում ընթացող կարևոր միջազգային գագաթաժողովին մասնակցության համար։
Տեսադարան


Նախագահը շեշտել է, որ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների և սերտ համագործակցության շարունակական զարգացումը՝ նկատի ունենալով նաև ռազմավարական գործընկերության մասին ստորագրված համատեղ հռչակագիրը, որն հանդիսանում է բազմոլորտ համագործակցության առավել խորացման երկկողմ պատրաստակամության մասին։
Իլիանա Յոտովան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ շեշտելով, որ առկա են Բուլղարիայի և Հայաստանի համագործակցության ձևավորված ավանդույթներ, որոնք նպաստում են երկու երկրների բազմոլորտ փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներին՝ վերահաստատելով առևտրատնտեսական փոխգործակցությունը զարգացնելու հանձնառությունը։
Կարևորվել է Հայաստան-Բուլղարիա առևտրաարդյունաբերական պալատի գործունեությունը՝ որպես գործարար կապերի ակտիվացման և նոր նախաձեռնությունների իրականացման արդյունավետ հարթակ։
Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային համագործակցության օրակարգին առնչվող հարցեր։ Հանրապետության նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանը 2026 թվականի հոկտեմբերին կհյուրընկալի COP17ը՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, որին կնախորդի առաջնորդների գագաթնաժողովը՝ նախատեսված 2026 թվականի հոկտեմբերի 16-ին Երևանում։ Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ բուլղարական կողմն բարձր մակարդակով իր մասնակցությունը կունենա գագաթնաժողովին։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով, որ տարածաշրջանում հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում միջտարածաշրջանային կապերի խթանման և հաղորդակցության ծրագրերի առաջմղման համար։ Այս համատեքստում կարևորվել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին:
Հատուկ ընդգծվել է նաև սևծովյան տարածաշրջանում համագործակցության հետագա զարգացման նշանակությունը, որը դիտարկվել է որպես Հայաստանի տարանցիկ և ենթակառուցվածքային հնարավորությունների ընդլայնման կարևոր հարթակ։
Հանդիպման ընթացքում կարևորվել է միջխորհրդարանական համագործակցության դերը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման և ինստիտուցիոնալ զարգացման կարևոր գործոն։
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ նպաստելով Հայաստան-Բուլղարիա հարաբերությունների հետագա ամրապնդմանը և զարգացմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդավարության ինստիտուտների զարգացման ու ամրապնդման ուղղությամբ լավագույն փորձի փոխանակման կարևորությանն ու հարկ եղած դեպքում համատեղ ջանքերի ներդրմանը: