Մաքսային գործընթացների ամբողջ տեղեկատվությունը թվային մեկ հարթակում. գործարկվել է ExIm թվային համակարգը. — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Մաքսային գործընթացների ամբողջ տեղեկատվությունը թվային մեկ հարթակում. գործարկվել է ExIm թվային համակարգը.

Հրապարակվել է: 18:59, 28 Ապրիլ 2026
Մաքսային գործընթացների ամբողջ տեղեկատվությունը թվային մեկ հարթակում. գործարկվել է ExIm թվային համակարգը.

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 28-ին տեղի է ունեցել ExIm տեղեկատվական հարթակի պաշտոնական մեկնարկը, որին ներկա են եղել պետական և մասնավոր կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ։ Հարթակն իրագործվել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ՝ Գերմանիայի կառավարության աջակցությամբ ու Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով՝ համահունչ Առևտրի դյուրացման համաձայնագրի պահանջներին։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Բաժանորդագրվիր Telegram-ում

Ողջունելով հյուրերին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ հարթակի գործարկումը կարևոր քայլ է թվային փոխակերպման և միջազգային համագործակցության զարգացման ճանապարհին։ «Մեր տեսլականի հիմքում Հայաստանը որպես տարածաշրջանային և համաշխարհային տեխնոլոգիական ու լոգիստիկ հանգույց դիրքավորելու հավակնոտ նպատակն է։ Մենք ձգտում ենք կերտել մի համակարգ, որտեղ մաքսային և հարկային գործընթացների բեկումնային թվայնացումը և ինտեգրումը կվերացնեն արհեստական արգելքները՝ ապահովելով անհպում, թափանցիկ և կանխատեսելի միջավայր։ ExIm տեղեկատվական հարթակն այդ տեսլականի ու ընկալումների առարկայացումն է իրական աշխարհում և համահունչ է Առևտրի դյուրացման համաձայնագրի (TFA) սկզբունքներին՝ վերացնելով տեղեկատվական պատնեշները»,- նշել է Էդուարդ Հակոբյանը։ Միաժամանակ, ՊԵԿ ղեկավարը  վստահեցրել է, որ շարունակվելու են ջանքերը մաքսային գործընկերությունը որակական նոր՝ տեխնոլոգիական բարձրագույն մակարդակի հասցնելու գործում․ «ExIm-ը մեծ ճանապարհի միայն սկիզբն է. այն անհրաժեշտ և առանցքային նախաքայլն է, որը մյուս բարեփոխումների հետ մեկտեղ հող է պատրաստում մաքսային վարչարարության մեջ արհեստական բանականության գործիքակազմի ներդրման համար»։

ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի խոսքով՝ ExIm-ի հիմքում մաքսային մարմնի աշխատանքային փորձն է, և հարթակի ստեղծման գաղափարը ծնվել է հենց իրական խնդիրներից՝ մեկտեղելու տարբեր օղակներում կուտակված գիտելիքն ու փորձը․ «Մեր նպատակն էր ստեղծել մի միջավայր, որտեղ տվյալը կլինի հանրային, հասանելի և կիրառելի բոլորի համար։ Վստահ եմ՝ սա նոր մշակույթի սկիզբ է, որտեղ տեղեկատվությունը ոչ թե խոչընդոտ է, այլև հնարավորություն՝ ավելի դյուրացնելու արտաքին տնտեսական գործունեությունը»։

Նախագծի իրականացման գործում առանձնահատուկ է Հայաստանում Գերմանիայի դեսպանության դերակատարությունը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ցուցաբերած աջակցությունը։ Ըստ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մշակույթի, զարգացման համագործակցության, մամուլի և արարողակարգի կցորդ Էվա Մեյերի, նախաձեռնությունը վերահաստատում է Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու արտահանման ու ներմուծման թափանցիկ և արդյունավետ ընթացակարգեր։ Թվային լուծումը, միանշանակ, կբարելավի տեղեկատվության հասանելիությունը և մաքսային գործընթացների պլանավորումն ու կազմակերպումը։ Իսկ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի պորտֆելի մենեջեր Լետիցիա Կարնեվալիի խոսքով՝  տեղեկատվական հարթակը ոչ միայն նորարարական գործիք է և տեխնոլոգիական առաջընթաց, այլև արդյունավետ մեխանիզմ՝ խթանելու պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցությունն ու փոխվստահությունը։  

ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը ներկայացրել է տեղեկատվական հարթակի գործառնական հնարավորություններն ու կիրառման մեխանիզմները՝ ընդգծելով հարթակի գործնական նշանակությունն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար։

Միջոցառման ավարտին  ExIm տեղեկատվական հարթակի ներդրման գործընթացում ակտիվ մասնակցություն ունեցած ՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով։

ExIm տեղեկատվական հարթակի առանձնահատկությունները

ExIm-ը թվային լուծումներով ստեղծված միասնական տեղեկատվական հարթակ է, որը նախատեսված է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար` արտահանման և ներմուծման գործընթացները դարձնելով առավել հարմարավետ, կանխատեսելի և արդյունավետ։ ExIm-ը գործում է «մեկ պատուհանի» սկզբունքով՝ մեկ վայրում համախմբելով արտաքին տնտեսական գործունեությանը վերաբերող ամբողջ տեղեկատվությունը։ Սա նշանակում է, որ բիզնեսը կարող է արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների վերաբերյալ անհրաժեշտ տվյալները համակարգված ստանալ հասկանալի ձևաչափով՝ առանց տարբեր պետական մարմիններում և աղբյուրներում տեղեկատվություն որոնելու։ Հարթակը եռալեզու է։

Թվային հարթակ բոլորի համար

ExIm տեղեկատվական հարթակը նախատեսված է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտների համար՝ փոքր, միջին և խոշոր բիզնեսներ, մաքսային ներկայացուցիչներ և միջնորդներ, լոգիստիկ և բեռնափոխադրող կազմակերպություններ, ինչպես նաև սկսնակ ձեռնարկատերեր։

ExIm-ի հնարավորությունները

Հարթակը հանդես է գալիս որպես միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ ներկայացված են արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացներին վերաբերող ամբողջական տվյալները, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերի նկարագրություն, օրենսդրություն, անհրաժեշտ փաստաթղթերի, ժամկետների, հնարավոր սահմանափակումների, ինչպես նաև գործընթացում ներգրավված այլ մարմինների վերաբերյալ տեղեկատվություն։ Բացի այդ, օգտատերը կարող է նաև ծանոթանալ ապրանքի հայտարարագրման առանձնահատկություններին, սակագնային և ոչ սակագնային կարգավորումներին, անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերին, վճարների դրույքաչափերի և վճարման եղանակներին, գանձապետական հաշիվներին և այլ կարգավորումներին։ ԱՏԳ մասնակիցները կարող  են նաև ExIm հարթակում հետևել գործընթացների հաջորդական քայլերին, օգտվել պարզեցված ուղեցույցներից և պարզաբանումներից, ինչը, միաժամանակ, կնվազեցնի սխալվելու հավանականությունն ու ժամանակի կորուստը։

Հարթակից օգտվելը՝  պարզ և արագ

Հարթակից օգտվելը բավականին հեշտ և հարմար է․ տեղեկատվությունը դասակարգված է ըստ գործընթացների և ունի փնտրման ճկուն մեխանիզմ։ Օգտատերը կարող է առանց գրանցման մուտք գործել հարթակ, ընտրել համապատասխան ուղղությունը, օրինակ՝ արտահանում, ներմուծում կամ տարանցում, ապա մուտքագրում  է հետաքրքրող ապրանքի անվանումը կամ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։ Այնուհետև անհրաժեշտ է ընտրել տեղեկատվության ստացման նպատակը և համապատասխան երկիրը, որից հետո  համակարգն ինքնաշխատ տրամադրում է տվյալ գործարքին վերաբերող ամբողջական տեղեկատվությունը։ Բացի այդ, հարթակում ներդրված հաշվիչների միջոցով հնարավոր է հաշվարկել ներմուծման դեպքում պահանջվող վճարները և ստանալ համապատասխան տեղեկատվությունը՝ նախապես գնահատելով հնարավոր ծախսերը։ Օրինակ, քաղաքացին կարող է մինչ անձնական օգտագործման ապրանք կամ ավտոմեքենա ներմուծելը,  հենց հարթակում նախապես հաշվարկել մաքսազերծման ծախսերը և պլանավորել իր գնումը։ ԱՏԳ մասնակիցները նաև համապարփակ տեղեկատվություն կարող են ստանալ բողոքարկման ընթացակարգի վերաբերյալ։

Այսպիսով, գործելով «մեկ պատուհան» սկզբունքով, ExIm-ը բիզնեսին հնարավորություն կտա նախապես գնահատել և պատկերացնել մաքսային գործընթացների ամբողջ շղթան, նվազեցնել սխալվելու հավանականությունը, ֆինանսական ռիսկերը, ժամանակի կորուստը, ինչպես նաև ավելի արդյունավետ պլանավորել ու կազմակերպել արտաքին տնտեսական գործունեությունը՝ նպաստելով բիզնես միջավայրի բարելավմանը։ 

ExIm տեղեկատվական հարթակ կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ։

Կիսվել:

Կարևոր

Իրադարձային

Արժույթներ

USD/AMD 371.40
EUR/AMD 434.35
RUB/AMD 4.94
BTC/USD 76,042
ETH/USD 2,279
SOL/USD 83.41

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ