ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ուղերձ է հղել, որտեղ չի օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։
Նա հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը անվանել է «Մեծ եղեռն» (Meds Yeghern)՝ համերաշխություն հայտնելով ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում բնակվող հայերին։
Օգտվելով առիթից՝ Թրամփը կրկին հիշեցրել է անվտանգ և բարգավաճ աշխարհի կառուցման մասին։
«Իմ վարչակազմը ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ ապահովելով նշանակալի հնարավորություններ հայ ժողովրդի համար և նպաստելով Հարավային Կովկասում կայուն ու տևական կայունության հաստատմանը։ Եվ այժմ ամերիկացիներն ու հայերը կանգնած են ուս ուսի՝ պատմական Խաղաղության խորհրդում, միավորված ընդհանուր նպատակի շուրջ՝ հաստատելու խաղաղության նոր դարաշրջան», — ասվում է ուղերձում։
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի տարիներին: Մենք մեր անսասան համերաշխությունն ենք հայտնում յուրաքանչյուր ամերիկահայի և աշխարհասփյուռ հայությանը հիշատակի այս օրը՝ ոգեկոչելով ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած կործանարար իրադարձությունները, որոնք այսօր էլ շարունակում են ապրել այդ համայնքների հավաքական հիշողության մեջ:
Մարդկության պատմության այս սթափեցնող գլուխը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն: Մենք մեծարում ենք հայերի դրսևորած խորը ուժն ու վճռականությունը՝ հաղթահարելու անցյալի ահռելի ողբերգությունները և կերտելու ավելի մեծ ապագա, որը բնորոշվում է տևական բարօրությամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ: Մենք հանձնառու ենք լինել նրանց կողքին:
Հայոց հիշատակի այս օրը, երբ մենք սգում ենք Մեծ Եղեռնի ողբերգության ժամանակ զոհված անմեղ հոգիների համար, մենք վերահաստատում ենք մեր սուրբ կոչը՝ պաշտպանելու անմեղներին, առաջ մղելու բոլոր ժողովուրդների միջև խաղաղության գործը և մշակելու խորը երկյուղածություն Ամենակարող Աստծո հանդեպ, ով զորավիգ է լինում մեզ յուրաքանչյուր փորձության և հաղթանակի ժամանակ, որը մեզ պահում է յուրաքանչյուր փորձության և հաղթանակի ընթացքում»,- հավելել է ԱՄՆ նախագահը։