Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ է, որ մենք այսօր ունենք խաղաղություն. Փաշինյան - ZARTNIR MEDIA

ԼՐԱՀՈՍ

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ է, որ մենք այսօր ունենք խաղաղություն. Փաշինյան

Հրապարակվել է: 11:19, 20 Ապրիլ 2026
Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ է, որ մենք այսօր ունենք խաղաղություն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը մեկնարկել է այն պահից, երբ Հայաստանի իշխանությունները որդեգրել են հավասարակշռման և հավասարակշռված արտաքին քաղաքականության հայեցակարգը։ 

Բաժանորդագրվիր Telegram-ում

Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

Վարչապետը նախ ընթերցել է նախընտրական ծրագրում ամրագրված դրույթը հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության վերաբերյալ.

«Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը ցույց տվեց իր արդյունավետությունը՝ թույլ տալով կայունացնել Հայաստանի Հանրապետության արտաքին միջավայրը։ Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը կորդեգրվի որպես ռազմավարություն, որի առանցքային խնդիրը արտաքին հարաբերությունների անհամաչափություններ թույլ չտալն է կամ անհամաչափությունները հավասարակշռելու գործիք ունենալը։ 

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մեջ առանցքային դեր ունի տարածաշրջայնացումը, որի առանցքային նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է։ Այս իմաստով հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության հետ ունի կարևոր նշանակություն, և կուսակցությունը գնալու է այս ճանապարհով։ 

Այս համատեքստում տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակումը, այդ թվում և՛ TRIPP նախագծի կյանքի կոչումը, և՛ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը, ոչ միայն է՛լ ավելի կամրապնդեն տարածաշրջանում խաղաղությունը և համագործակցությունը, այլև այն կվերածեն արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ փոխկապակցվածության կարևոր հանգույցի՝ Խաղաղության խաչմերուկի:

Տարածաշրջայնացման գործնականացման համար կարևորում ենք նաև 3+3 ձևաչափի հետագա զարգացումը, և Հայաստանի Հանրապետությունը նպաստելու է դրան։ Ձևաչափում Ռուսաստանի Դաշնության ներգրավվածությունն այն կարևոր է դարձնում նաև ՀՀ-ՌԴ հարաբերությունների կառուցողական տրանսֆորմացիայի համար ևս։ 

Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է նաև Տարածաշրջայնացում-2 հայեցակարգը՝ նկատի ունենալով Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրները և Հնդկաստանը։ Նախորդող շրջանում մյուս երկրների հետ հարաբերությունների զարգացմանը զուգահեռ էական եղավ նաև Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Այս ուղղությունը նոր ակտիվություն կստանա 2026-2031 թվականների ընթացքում։ 

Նախորդող շրջանում Հայաստանի Հանրապետությունը ռազմավարական գործընկերություն կամ երկխոսություն կամ օրակարգ է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Վրաստանի, Նիդերլանդների, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ղազախստանի, ԵՄ-ի, Գերմանիայի և Լյուքսեմբուրգի հետ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ Հայաստանը զարգացնելու է փոխշահավետ կառուցողական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ»։ 

Այնուհետև վարչապետը հիշեցրել է, որ մինչև վերջերս Հայաստանը չուներ դիվանագիտական հարաբերություններ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ. «Եվ մենք հաստատեցինք դիվանագիտական հարաբերություններ այդ երկրների հետ, և ըստ այդմ՝ նախընտրական ծրագրի այս կետն արձանագրում է նախ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության արդյունավետությունը։ Եվ պետք է արձանագրել, որ խաղաղությունը մեծ հաշվով մեկնարկել է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության հայեցակարգը որդեգրելու պահից, երբ մենք այլ դիտանկյունից ենք նայել մեզ, մեր տարածաշրջանին և աշխարհին, ու այդ այլ դիտանկյունից նայելը բերել է կոնկրետ արդյունքների»,- նշել է ՀՀ վարչապետը։

Նա շեշտել է, որ Հայաստանում քաղաքական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ շատ հաճախ իշխող ուժին և կոնկրետ իրեն մեղադրում են ադրբեջանամետ և թրքամետ լինելու համար։

«Իսկ ի՞նչ է տեղի ունեցել և տեղի ունենում իրականում։ Իրականում տեղի է ունեցել հետևյալը, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում մենք միշտ գործել ենք երրորդ երկրների միջոցով, այսինքն՝ մեր ասելիքները և օրակարգերը 90 և ավելի տոկոսով քննարկել ենք երրորդ երկրների միջոցով։ Եվ ի՞նչ ենք մենք արձանագրել։ Արձանագրել ենք մի շատ պարզ բան, որն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքեր։ Երբ դու երրորդ անձի միջոցով ես շփվում որևէ մեկի հետ, դու չես կարող երբեք համոզված լինել, որ քո ուղերձները երրորդ անձը հասցեատիրոջը ճիշտ է փոխանցում, և նրա ուղերձները փոխանցելիս նույնպես ճշգրիտ է գործում, որովհետև երրորդ անձը կարող է ունենալ իր պատկերացումները, իր շահերը, իր ընկալումները, և մենք երբեք չգիտենք, թե որոնք են երրորդ անձի և երրորդ անձանց շահագրգռությունները։

Սա է եղել նաև պատճառը, որ երկար տարիներ մեր տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվել։ Եվ մենք փոխել ենք մեր դիրքորոշումը, մենք ասել ենք՝ եթե մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ խոսելու բան ունենք, իսկ մենք ունենք ակնհայտորեն, ինչո՞ւ չպետք է խոսենք, որովհետև սա է միակ երաշխիքը, որ մենք վստահ կլինենք, որ մեր ուղերձը ճիշտ է հասել տեղ, և վստահ կլինենք, որ ճշգրիտ պատասխան ենք ստանում։ Լավ կամ վատ՝ դա այլ հարց է, կարևոր է, որ հաղորդակցության մեջ դեֆորմացիաներ չլինեն, իսկ ես ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ այդ դեֆորմացիաները միշտ են լինում, երբ հաղորդակցությունը երրորդ անձանց միջոցով է։ Ընդ որում՝ երբեմն դիտավորյալ, երբեմն էլ ակամա, որովհետև կան նյուանսներ, նրբություններ, այդ թվում՝ տարածաշրջանին վերաբերող մենթալիտետային, ընկալումային, որ հեռավոր երկրները կարող են այդ նյուանսները չարձանագրել, իսկ այս իրավիճակներում, երբ կան տասնամյակների, երբեմն նույնիսկ դարավոր կոնֆլիկտներ, ամեն նրբությունը կարող է լինել էական։ Եվ մենք խաղաղության հասել ենք՝ հենց այս հանգամանքը հասկանալով, որ միշտ չէ, որ երրորդ անձի միջոցով փոխանցված ուղերձը փոխանցվում է այնպես, ինչպես ուղերձի հեղինակը կուզենար կամ նկատի ունի, կամ ձևակերպել է, ընդ որում՝ երկու ուղղություններով։

Եվ ահա մեր այս գործելակերպի փոփոխությունն է, որ ոմանց հիմք է տալիս կամ իրենք դա օգտագործում են մեզ կամ ինձ թրքամետության կամ ադրբեջանամետության մեջ մեղադրելու համար, որովհետև մեր գործելակերպը տասնամյակներով եղել է այն, որ Թուրքիային կամ Ադրբեջանին ասելիք ունենք, որտե՞ղ զանգենք, որ մեր ասելիքը տեղ հասցնենք։ Իսկ մենք նախընտրել ենք, նախընտրում ենք և նախընտրելու ենք ուղիղ հաղորդակցությունը՝ իհարկե չբացառելով երրորդ երկրների ներգրավվածությունը։ Օրակարգեր կան, որտեղ երրորդ երկրների ներգրավվածությունն անհրաժեշտ է, պարտադիր է, որովհետև դա արդեն ընդհանուր օրակարգ է, բայց երկկողմ հարաբերություններում մենք պետք է հաղորդակցությունը պահենք ակտիվ, և այս ընկալման շնորհիվ է նաև, որ մենք այսօր ունենք խաղաղություն»,- մանրամասնել է ՀՀ վարչապետը։

Կիսվել:

Կարևոր

Իրադարձային

Արժույթներ

USD/AMD 373.34
EUR/AMD 440.35
RUB/AMD 4.89
BTC/USD 75,061
ETH/USD 2,305
SOL/USD 84.89

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ