Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն իրականացնող վարորդները 2027 թվականի հունվարի 1-ից կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։
Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ ներկայացնելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը։
Փոխնախարարը նշել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից ներդրված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո անցած երեք ամիսների ընթացքում տարբեր հարթակներում քննարկումներ են անցկացվել՝ ի հայտ եկած խնդիրները վերհանելու և լուծումներ առաջարկելու նպատակով։
«Այս երեք ամիսների ընթացքում տարբեր քննարկումների արդյունքում ստացել ենք մի շարք առաջարկություններ շահառուների կողմից և մշակել ենք այս նախագիծը, որը ներկայացրել ենք ձեր քննարկմանը և հաստատմանը»,- ասաց Նանուշյանը։
Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է ընդլայնել այն խմբերի շրջանակը, որոնք ընդգրկվելու են ընդհանուր ապահովագրական համակարգում։ Այդ խմբերի թվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրում իրականացնող վարորդները։
Լենա Նանուշյանը պարզաբանել է, որ նման առաջարկությունը ներկայացվել է հենց շահառուների կողմից։
«Տարբեր շահառուներ, որոնք արդեն իսկ ապահովագրության շահառու են և գոհ են համակարգի տրամադրված ծառայությունից, առաջարկել են, որպեսզի իրենց ընտանիքի անդամները, որոնք ներգրավված չեն ապահովագրության համակարգում, կարողանան նույնպես վճարել և մասնակցել ապահովագրության համակարգի շրջանակներում տրամադրվող ծառայություններին»,- ասել է նա։
Նախագծով առաջարկվում է նաև ընդլայնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի իմաստով շահառու ճանաչված անձանց շրջանակը։ Հիմնավորման համաձայն՝ այս փոփոխության արդյունքում առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը կավելանա շուրջ 393 անձով, ինչն, ըստ հաշվարկների, պետական բյուջեի համար տարեկան կպահանջի լրացուցիչ մոտ 50 մլն դրամի ծախս։
Փոփոխություններով նախատեսվում է նաև առաջ բերել փոխկապակցված անձանց՝ ընտանիքի անդամների ապահովագրման ժամկետը։ Եթե գործող կարգավորմամբ նրանք կարող էին համակարգում ընդգրկվել 2028 թվականից, նոր առաջարկով այդ հնարավորությունը կգործի արդեն 2027 թվականի հունվարի 1-ից։
Օրինագծով նաև առաջարկվում է ապահովագրական համակարգում ներառել մինչև մեկ տարեկան երեխաներին, հանել փախստականների և ապաստան հայցողների մասնակցության սահմանափակումը, հստակեցնել հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողի կամ խնամակալի կարգավիճակին վերաբերող դրույթները, ինչպես նաև վերանայել մի շարք վճարումների, փոխհատուցումների, գաղտնի տեղեկությունների պաշտպանության և բժշկական ծառայությունների մատուցման հետ կապված նորմեր։
Նախագծով առանձին կարգավորումներ են առաջարկվում նաև անհատ ձեռնարկատերերի և նոտարների ապահովագրավճարների վճարման ժամկետների և կարգի մասով։ Մասնավորապես, 2026 թվականի համար վճարման վերջնաժամկետ է սահմանվում հուլիսի 20-ը, ինչպես նաև նախատեսվում է ամսական ձևաչափով վճարման հնարավորություն։