Պարզվում է՝ մինչ մենք ՀՀ քաղաքացիների հետ ենք շփվում և նկարվում, ուժեղ-ձևիստ և օտարերկրյա քաղաքացի (ըստ իր կողմից չհերքված տեղեկության) Ալյոշան գնացել իմ տան պատի հետ է նկարվել: «Անաչառ» լրատվամիջոցներն էլ հավեսով տարածել են:
Ալյոշա, դու հայաստանյան քաղաքական դաշտ նոր ես մտ(ցվ)ել, գուցե չգիտես, լուսավորեմ: Հայաստանում պաշտոնյաները հայտարարագիր են լրացնում, կարող ես ծանոթանալ մանրամասներին: Լավ, ստեղ էլ գրեմ. տունը ձեռք ենք բերել հիփոթեքային վարկով՝ հայրական տան վաճառքից գոյացած ողջ գումարը կանխավճար դարձնելով: Թալանված կամ ապօրինի կուտակած միջոցներով գնված չէ: Զինծառայողներին ձրի աշխատացնելով կառուցված չէ: ՀԷՑ-ի, ԲԷՑ-ի, ՏԷՑ-ի հաշվին չէ: Ի դեպ, կնոջս ավտոմեքենան էլ է վարկով: Կենցաղային տեխնիկա էլ ենք գնում սպառողական վարկով / ապառիկով, ինչպես Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիները: Նորմալ է:
Ալյոշա, իմ օտարերկրացի բարեկամ, իրոք պատահել է, որ մոռացել եմ ավտոմեքենաս սխալ կայանելու տուգանքը ժամանակին վճարել, և Ճանապարհային ոստիկանությունը կալանք է դրել հաշիվներիս: Այ էդպիսի մի կալանքի համար էլ քո սիրած հեռուստացույցը ապառիկով չկարողացա գնել: Նորմալ չի է, շատ լավ է՝ միայն իսկական ժողովրդավարական երկրում առաջին փոխվարչապետի հետ կարող է նման բան պատահել: Իսկ ընդհանրապես, հեղափոխությանը նախորդող շրջանում ես և կինս բավականին բարձր վարձատրվող աշխատանքներ ենք ունեցել:
Ալյոշա, լսել եմ ուզել ես նաև իմ ընկեր Ռուբոյի հետ գրազ գալ իմ տան վրա: Ես չգիտեմ դու որտեղ ես մեծացել, բայց երևի ոչ Հայաստանում: Թե չէ բակում քեզ մեծ ապերիկները բացատրած կլինեին, որ չի կարելի գրազ գալ քեզ չպատկանող մի բանի վրա: Նորմալ չի, ճիշտ չի:
Այ որ ճիշտ պահես քեզ, Ալյոշա, գուցե թողնեմ ժիլետիս հետ էլ նկարվես: Ի դեպ, «բացահայտումը», թե ես թանկարժեք բաճկոն եմ հագնում, առաջինը կարծես արել է մի ռուսալեզու տելեգրամ-ալիք, «անաչառ» լրատվամիջոցներն էլ էլի հավեսով տարածել են: Ընդ որում՝ «բացահայտող» աղջիկն էլ իսկական չէ, արհեստական բանականությամբ է գեներացված (չարաշահում եք ԱԲ-ն): Ասեմ՝ բաճկոնը գնել եմ պատիկներով ավելի էժան, քան տարածում են, բրենդային աութլեթից: Գնելու համար ոչ մի գույք չեմ տվել պարտքի դիմաց:
Ու վերջում՝ ականջներիդ օղ արեք՝ ինչքան էլ մեջտեղից ճղվեք, ինչքան էլ փող ծախսեք, ինչքան էլ կեղտոտ ստեր տարածեք, մեկ է, չեք հաջողելու. Հայաստանի Հանրապետությունը մնալու է ինքնիշխան, ժողովրդավար, խաղաղ և զարգացող պետություն:
Լավ ա լինելու, ժողովուրդ ջան։ Սիրում եմ բոլորիդ։
Արարատ Միրզոյան