Մարտի 27-ի՝ ժամը 14։30-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ ահազանգեր։
Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և Ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։
Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով փողոցը ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից փակվել է։
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։
«Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խուճապի չմատնվել և անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հորդառատ անձրևների հետևանքով Սյունիքի տարածաշրջանի ճանապարհներին առաջացել են քարաթափումներ և այլ խոչընդոտներ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հորդորել է հեռու մնալ գետամերձ տարածքներից:
Հիշեցնենք՝ նախօրեին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել էր, որ հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 27-28-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17 մ/վ արագությամբ:
Մարտի 27-ին Սյունիքում և Վայոց ձորի առանձին հատվածներում, մարտի 27-28-ը՝ Լոռիում և Տավուշում տեղումները կլինեն ինտենսիվ։
Սպասվող տեղումներով պայմանավորված՝ մարտի 27-28-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում՝ զգալի։