Օմանի մայրաքաղաք Մասկատում մարտի 18-ին տեղի է ունեցել Օմանում Հայաստանի դեսպանության բացման արարողությունը, որին մասնակցել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Օմանի արտաքին գործերի նախարար Սայիդ Բադր բին Համադ ալ Բուսաիդին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Timesofoman-ը։
Նշվում է, որ ՀՀ դեսպանատան բացումը տեղի է ունենում երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության ընդլայնվող հարաբերությունների շրջանակներում։ Այն արտացոլում է երկու երկրների համատեղ ձգտումը՝ ընդլայնելու համագործակցության և գործընկերության հորիզոնները տարբեր ոլորտներում այնպես, որ դա ծառայի փոխադարձ շահերին և խթանի ներդրումների, առևտրի և մշակութային փոխանակման հնարավորությունները։
Միջոցառման ընթացքում ունեցած ելույթում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր հպարտությունն է արտահայտել Օմանի Սուլթանությունում Հայաստանի դեսպանատան բացման կապակցությամբ։ Նա ընդգծեց, որ այս քայլը արտացոլում է երկկողմ հարաբերությունների ամրությունը և դրանք զարգացնելու համատեղ ցանկությունը՝ ընդլայնելով համագործակցության ոլորտները՝ փոխադարձ շահերին ծառայելու համար։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն էլ Օմանի լրատվական գործակալության հետ զրույցում ասել է, որ Օմանի Սուլթանության և Հայաստանի միջև հարաբերությունները դինամիկ են և ընդլայնվող։ Կոստանյանն ասել է, որ Օմանը արաբական երկրների շարքում առաջիններից էր, որ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ։
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները վերջին երկու տարիների ընթացքում շարունակական աճ են ապրել, որի գագաթնակետը եղել է Օմանում Հայաստանի դեսպանատուն բացելու որոշումը։ Բացի այդ, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները շարունակաբար քաղաքական խորհրդակցություններ են անցկացնում։
Կոստանյանն ընդգծել է համատեղ համագործակցության տնտեսական կոմպոնենտի կարևորությունը՝ առանձնացնելով մի քանի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են տրանսպորտը, առաջատար տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, ամպային ծառայությունները և համատեղ ներդրումները։
Վահան Կոստանյանը ցանկություն է հայտնել Հայաստանում Օմանի Սուլթանության պատվիրակություն ընդունել՝ մտքերի փոխանակման համար։
Նա նաև ընդգծել է համատեղ միջոցառումների, երկու երկրների մասնավոր հատվածի ընկերությունների երկկողմ հանդիպումների անցկացման կարևորությունը, ինչպես նաև կարևորել է հնարավորությունների ստեղծումը, որոնք թույլ կտան նպաստել տնտեսական կապերի հետագա ամրապնդմանը։