Ողբերգական դեպք՝ Սպիտակում. «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել երթևեկելի գոտուց դուրս ընդմիջում անող 2 քաղաքացու և կողաշրջված հայտնվել դաշտում. 1-ը հիվանդանոցում մահացել է, մյուսին սանավիացիայով տեղափոխում են Երևան.

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ - Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա մի քանի պտույտ շրջվելով՝ էլ կողաշրջված հայտնվել դաշտում։
Վրաերթի ենթարկվածները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները վիրավորներից մեկին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և մինչ դեպքի վայր կժամաներ քննիչը, «Սպիտակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Սպիտակի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուս՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորին Երևանի համապատասխան հիվանդանոց տեղափոխելու համար ժամանել է սանավիացիան։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք և պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները ազգականներ են և երթևեկելի գոտուց դուրս ծառի տակ ընդմիջում անելիս են եղել, երբ Mercedes-ը վրաերթի է ենփարկել։


























