Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Լիբանանի վրա ճնշումը կշարունակվի

Իսրայելը վճռականորեն տրամադրված է շարունակել իր առավելագույն ճնշման քաղաքականությունը Լիբանանում և այլուր, Բեյրութի վրա հարվածից հետո հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Մենք կշարունակենք վճռականորեն գործել՝ կանխելու համար հյուսիսի բնակիչների և Իսրայել պետության համար ցանկացած սպառնալիք։ Ամեն ոք, ով ձեռք կբարձրացնի Իսրայելի վրա, կկորցնի այդ ձեռքը։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես վճռականորեն տրամադրված ենք շարունակել մեր առավելագույն ճնշման քաղաքականությունը Լիբանանում և այլուր», – գրել է Կացը X սոցիալական ցանցում։
Նախարարը ընդգծել է, որ երկրի ղեկավարությունը թույլ չի տա վերադառնալ այն իրականությանը, որը գոյություն ուներ մինչև 2023 թվականի հոկտեմբերի 7-ը, երբ Համասի զինյալները ներխուժեցին Իսրայելի հարավ։

























