ՏԻՄ ընտրություններին շրջիկ արկղով քվեարկություն օրենսգրքում նախատեսված չէ. «Թաթոյան հիմնադրամի» պնդումը կեղծ է

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամը գրել է, թե «քաղաքացին բողոքել է, որ չնայած նախապես տեղեկացնելուն՝ իրենց բնակության հասցեով չեն ուղարկել քվեարկության շրջիկ արկղ, որ իր ընտանիքի անդամը կարողանա քվեարկել»։
Փաստերի ստուգման հարթակը հայտնում է, որ հիմնադրամն իր ֆեյսբուքյան գրառման մեջ սա ներկայացրել է որպես ընտրախախտում, մինչդեռ Ընտրական օրենսգիրքը շրջիկ արկղի միջոցով քվեարկություն նախատեսում է բացառապես խորհրդարանական ընտրությունների ընթացքում (Հոդված 56․2):
ՏԻՄ ընտրությունների ընթացքում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն օրենսգրքում նախատեսված չէ, հետևաբար հիմնադրամի ահազանգը կեղծ է և օրենսդրական հիմք չունի։


























