Սիրելի երեխեք, սիրելի պատանիներ, վայելեք Ձեր ազատ երկիրը. Հարությունյան

ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ մի խումբ պատանիներ պարզապես վայելում են իրենց ժամանակը։ Գրառման պատճառ է դարձել օգտատեր Գոռ Ղարաբաղցյանի հրապարակումը, որը տեսանյութի մասնակիցներին մեղադրել էր անդաստիարակության մեջ։
«Ի՞նչ են արել էս երեխեքը: Ոչինչ, վայելում են իրենց պատանեկությունը:
Սոցիալական ցանցերը մեծ հնարավորություն են տալիս վերհանելու խնդիրները, որպեսզի դրանք լուծվեն: Բայց չափ ու սահմանն անցնելն առաջին հերթին վնասում է օգտատիրոջը:
Հիմա Գոռ Ղարաբաղցյան անունով օգտատերը, որին չեմ ճանաչում ու որի տեսանյութը պտտվում է համացանցում, նույն տեսանյութի երեխեքին մեղադրում է անդաստիարակ լինելու մեջ: Նյաեցի տեսանյութը, ու որևէ բան չտեսա: Չեմ հասկանում մեր այս սերնդին քառակուսի, հոմոսովետիկուս դարձնելու մոլուցքը:
Սիրելի երեխեք, սիրելի պատանիներ, վայելեք Ձեր ազատ երկիրը, բանի տեղ մի դրեք այսօրինակ օգտատերերին, միևնույն ժամանակ իմացեք համակեցության կանոնները, որոնք այս տեսանյութում, կրկնում են, էս հրաշալի երեխեքը չեն խախտել: Իրենց համար վայելում են պատանեկությունը»:


























