Հայաստանի բուհերի աշխատողների արհմիության համաժողովը նախագահ ընտրեց

Հայաստանի բուհերի աշխատողների արհմիության հերթական՝ 6-րդ համաժողովը կայացավ Ծաղկաձորում, համաժողովի եռօրյա աշխատանքների ավարտին նախագահ վերընտրվեց Հայաստանի բուհերի աշխատողների արհմիության գործող նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Արմեն Ավետիսյանը։
Համագումարին մասնակցում էին անդամ հանդիսացող Հայաստանի բոլոր բուհերի և մուհերի արհմիությունների ղեկավարները և ներկայացուցիչները, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԱՄԿ-ի ( Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա) նախագահը։
Իր հաշվետու ելույթում Արմեն Ավետիսյանը ներկայացրեց արհմիության 2020-2025 թվականների գործունեության արդյունքները՝ ընդգծելով, որ վերջին հինգ տարիներին կազմակերպությունը կարողացել է ոչ միայն պահպանել, այլև ամրապնդել իր դերը բուհական համակարգում և ավելացնել անդամ կազմակերպությունների թիվ։ Նրա խոսքով՝ արհմիության հիմնական ուղղությունները եղել են աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, կրթության և գիտության ոլորտում աշխատողների աշխատավարձերի բարձրացման և սոցիալական երաշխիքների բարելավման պայքարը, ինչպես նաև երիտասարդ մասնագետների ներգրավումը արհմիութենական շարժմանը։
«Մեր առաքելությունը շարունակվում է. բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատողների արժանապատիվ աշխատանքի, սոցիալական արդարության և հավասար հնարավորությունների ապահովումը մնում է մեր գործունեության առանցքում», – նշեց Արմեն Ավետիսյանը՝ շնորհակալություն հայտնելով անդամ կազմակերպություններին վստահության և համագործակցության համար։
Համագումարի ընթացքում ներկայացվեցին նաև արհմիության առաջիկա հնգամյա ծրագրի առաջնահերթությունները, որոնց թվում են բուհական միջավայրում սոցիալական երկխոսության զարգացումը, արհմիութենական կառույցների աշխատանքների թվայնացումը և միջազգային համագործակցության խորացումը։
ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը բարձր գնահատեց Արմեն Ավետիսյանի ղեկավարությամբ իրականացված աշխատանքը՝ ընդգծելով, որ Բուհերի աշխատողների արհմիությունը դարձել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների կարևոր սոցիալական գործընկերը և հանդիսանում է ՀԱՄԿ–ի խոշոր ճյուղային արհմիություններից մեկը։ Արմեն Ավետիսյանը բուհերի արհմիության նախագահ էր ընտրվել 2020 թվականին։ Նրա վերընտրությունը խորհրդանշում է համաժողովի պատվիրակների բարձր վստահությունը և արված գործի շարունակականության ապահովման ակնկալիքը բուհական արհմիության քաղաքականության մեջ։

























