Մի՛ մոլորեցրեք ժողովրդին` տագնապային տրամադրություններ տարածելու փորձերով. Մարիամ Ծատրյանը հերքում է Ագնեսա Խամոյանի կողմից հնչեցված թվերը քաղցկեղի մասին

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ազգային ժողովում տիկին Խամոյանի հայտարարությանը, թե «2024 թվականին 50 հազար քաղաքացու մոտ արձանագրվել է քաղցկեղ հիվանդությունը»։
«Ինչպե՞ս կարելի է վիճակագրության հանդեպ լինել այսչափ անզգույշ, երբ հատկապես այն վերաբերում է մարդուն, մարդկային կյանքին:
Տիկին Խամոյանը ԱԺ բարձր ամբիոնից քիչ առաջ հայտարարում է, թե «...Միայն 2024 թվականին 50 հազար քաղաքացու մոտ արձանագրվել է քաղցկեղ հիվանդությունը»: Այնինչ, ինչպես ի պատասխան նրա գրավոր հարցմանն ենք ներկայացրել, հիմա ևս վերահաստատում եմ.
2024 թվականի դրությամբ ՀՀ-ում ՀԱՇՎԱՌՎԱԾ Է քաղցկեղ ունեցող 50 հազ. քաղաքացի, որոնցից առաջնակի հիվանդներն են 7000-ը: Հասկանում եք, չէ՞ 50 հազարի և 7 հազարի տարբերությունը: Հասկանու՞մ եք, չէ՞ հաշվառվածի և կոնկրետ տարում արձանագրվածի տարբերությունը:
Մի՛ մոլորեցրեք ժողովրդին` տագնապային տրամադրություններ տարածելու փորձերով»։
Ծատրյանը նաև կոչ է արել լրատվամիջոցներին զգոն լինել հնչեցված վիճակագրական տվյալների նկատմամբ և կանխել տագնապային տրամադրություններ ստեղծելու փորձերը։

























