Ողբերգական դեպք Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում․ հրշեջներն ու քաղաքացիները, մարելով հողամասում եղած տնակի կրակը, հայտնաբերել են տղամարդու մարմին

Այսօր սեպտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Մաշտոցի փողոցին հարակից դաշտամիջյան հատվածում, որպես քոլիկ օգտագործվող տնակում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Վաղարշապատի հրշեջ փրկարարները՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Կրակը մարելուց հետո հայտնաբերվել է մոխրացած դի։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ալեքսեյ Մկրտչյանն ու Սարգիս Խաչոյանը։
Դեպքի փաստով բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այս պահին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և օրվա պատասխանատու դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ, հարևանների հետ զրույցներ են անցկացնում՝ պարզելու համար ոչ միայն դեպքի հանգամանքները, այլև մահացածի ինքնությունը։
«Շամշյան»


























