Հիվանդ ու առանց օգնության՝ 15 տարի փողոցում. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ Քալաշ Քալաշյանը տեղափոխվեց հիվանդանոց

Երևանի կենտրոնում՝ փողոցում, արդեն 15 տարի ապրում է Քալաշ Քալաշյանը, ով չունի անձնագիր և կարգավիճակ, այսինքն՝ պաշտոնապես գոյություն չունի: Նրա առողջական վիճակը վերջին շրջանում արտակարգ վատացել է. ոտքերը ցրտահարվել, այտուցված, կապտած և թարախակալած են:
Այս խնդիրը ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել և հանրայնացրել է օգտատեր Անահիտ Սիմոնյանը՝ ահազանգելով պետության անտարբերության և անպատասխանատվության մասին: Հաղորդման մեջ շեշտվել է, որ բազմաթիվ գերատեսչություններ տեղյակ են իրավիճակից, սակայն իրական գործողություններ չեն ձեռնարկում:
Անահիտ Սիմոնյանի հրապարակմանը և բարձրացրած խնդրին արձագանքել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը, ով տեղեկացրել է, որ նախարարության միացյալ ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ Քալաշը շտապօգնությամբ տեղափոխվել է «Մաշկաբանության ազգային կենտրոն» և այժմ գտնվում է բժշկական հսկողության ներքո: Նշվել է նաև, որ նա համաձայնվել է տեղափոխվել անօթևանների ժամանակավոր կացարան, որտեղ իրականացվելու է նրա կարիքների համակողմանի գնահատում:
Ըստ մեր տեղեկությունների Քալաշ Քալաշյանը նաև մարտից մինչև հունիսի ամիսը բուժօգնություն է ստացել Այրվածքաբանության ազգային կենտրոնում:
Առողջապահությունը նաև հոգացել է սննդի, հագուստի, դեղորայքի և այլ պարագաների հարցերը:

























