Տղամարդը բողոքում է՝ շտապօգնության ուշացման պատճառով կինը մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 16-ին Երևանում տեղի է ունեցել արտառոց և ողբերգական դեպք։ Ժամը 06։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 62-ամյա Հրաչյա Ս․-ն զանգահարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին և հայտնել, որ շտապօգնությունը չի արձագանքում իր կանչին, իսկ իր աչքի առաջ մարդ է մահանում։
Ոստիկանության աշխատակիցներին շտապօգնության կայանի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց տնօրենը արգելել է մեկնել նշված հասցե՝ պատճառաբանելով, որ բուժհիմնարկ տեղափոխվող հիվանդները հաճախ հրաժարվում են բուժօգնությունից՝ վճարում չկատարելու պատճառով։
Հուլիսի 17-ին Հրաչյա Ս․-ն կրկին դիմել է ոստիկանություն՝ այս անգամ տեղեկացնելով, որ իր կինը՝ 49-ամյա Լուսինե Ն․-ն, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։ Տղամարդը բողոք է ներկայացրել շտապօգնության աշխատակիցների դեմ։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են համապատասխան փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժին։


























