Ադրբեջանում փորձում են վերացնել հոգեհացի ավանդույթը

Ադրբեջանում մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններ և իշխանամետ լրատվամիջոցներ սկսել են քարոզել հուղարկավորությունների ժամանակ ուտելիք մատուցելու սովորության հրաժարումը՝ այն որակելով որպես «թափոն»։
Տեղական մամուլի հաղորդմամբ՝ Բաքվում և Նախիջևանում գտնվող մի շարք գյուղեր կոչ են արել բնակիչներին դադարեցնել հուղարկավորությունների ժամանակ հյուրասիրությունները։ Okhu իշխանամետ լրատվամիջոցը հաղորդել է, որ Շիրվանի շրջանում համայնքի ավագանու ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել, որի ժամանակ առաջարկել են արգելել հուղարկավորությունների ժամանակ սնունդ մատուցելը՝ նշելով, որ դա «կկանխի անիմաստ վատնումը, կբերի ընտանիքի վրա ընկնող ֆինանսական բեռի նվազեցման, ինչպես նաև կհարգի կրոնական և հոգևոր արժեքները»։
Մեկ այլ իշխանամետ կայք՝ Global Info-ն, անդրադարձել է Սամուխի շրջանում սգո արարողությունների սահմանափակմանը՝ նշելով, որ նման քայլը առաջացրել է հարցեր. «Հնարավո՞ր է նման քայլերի դիմել Բաքվում, Սումգայիթում կամ Գյանջայում։ Ինչո՞ւ խոշոր քաղաքներում չեն արգելում հուղարկավորության ժամանակ սնունդ մատուցելը»։ Պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան պատասխանել է. «Սա ուղղված է անիմաստ վատնման դեմ պայքարին։ Ընդհանրապես հասարակության մշակութային շերտը պետք է ուշադրություն դարձնի այս հարցին։ Դարեր շարունակ մարդիկ զարգացել են, որպեսզի հեշտացնեն իրենց կյանքը։ Ադրբեջանը միակ երկիրն է, որտեղ մարդիկ չեն ձգտում հարմարավետություն ստեղծել իրենց համար»։
Նա հավելել է, որ «ողբի ժամանակ նվերներ տալը հանրության կողմից ընդունվում է որպես կրոնական և ավանդական պարտավորություն, բայց դա հաճախ պարտադրված է։ «Հարևաններից ետ չմնալու վախը» և մրցակցությունն ստիպում են մարդկանց անել ամենաճոխ քայլերը։ Եթե հենց մենք ենք ստեղծում այդ վատնումը, ուրեմն մենակ մենք էլ կարող ենք ազատվել դրանից»։
Բալախանեցի մի բնակիչ, որը ցանկացել է մնալ անանուն, OC Media-ին պատմել է, որ 2010-ից առաջ մարդկանց մեծ մասը հյուրասիրում էր հուղարկավորությունների ժամանակ, ինչպես ընդունված է ըստ սովորության։ Սակայն երբ տնտեսական վիճակը վատթարացավ, տարեցներն ու հոգևոր առաջնորդները սկսեցին այդ ավանդույթը համարել անիմաստ ու ծախսատար։
«Հիմա հուղարկավորություններին մատուցվող ուտեստները սահմափակվում են հալվայով, կիտրոնով թեյով ու ուրիշ ոչինչ»,- նշել է նա։
Նա նաև ընդգծել է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ սեղան էին գցում հուղարկավորությունների ժամանակ, «երբեք չափն անցած չի եղել»։ «Մեր ուտեստները լինում էին փլավ ղավուրմայով, սեղանին լինում էին միրգ ու քաղցրավենիք։ Բայց եթե ինչ-որ մեկն ուզում էր հյուրասիրել, ինքն էր որոշում»։
Այթան Ֆարհադովա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում


























