Հրադադարի հույսեր ու «կարմիր գծեր»՝ Թրամփ-Պուտին գագաթնաժողովից առաջ

Հույսեր և «կարմիր գծեր»․ Եվրոպան ու Ուկրաինան՝ Թրամփ-Պուտին հանդիպմանը ընդառաջ
Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները հույս են հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում կպահանջի հրադադար՝ առանց վտանգելու Ուկրաինայի շահերը կամ առաջարկելու մասնատել երկրի տարածքը։
Ըստ Reuters-ի՝ ուրբաթ օրը Ալյասկայում կայանալիք Թրամփ-Պուտին հանդիպմանն ընդառաջ՝ եվրոպացի առաջնորդները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակոնֆերանսի միջոցով Թրամփին են ներկայացրել իրենց «կարմիր գծերը»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ Թրամփը համաձայնել է, որ Ուկրաինային պատկանող տարածքների շուրջ կարող է բանակցել միայն Ուկրաինայի նախագահը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն էլ հավելել է, որ սահմանները ուժով փոխելու սկզբունքն անթույլատրելի է, և եթե բանակցություններում առաջընթաց չլինի, ԱՄՆ-ն ու եվրոպացիները պետք է մեծացնեն ճնշումը Ռուսաստանի վրա։
ԱՄՆ նախագահը դաշնակիցների հետ հանդիպումը բարձր է գնահատել։


























