Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացված արդյունավետ աշխատանքի և արձանագրված առաջընթացի համար, ինչպես նաև մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է դեսպանի անձնական ներդրումն ու ջանքերը կրթամշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում։
Նախարարը կարևորել է դեսպանության հետ ռազմավարական կարևոր ուղղություններով համագործակցությունը:
Ժաննա Անդրեասյանը շեշտել է Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունը Հայաստանում անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման, ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման և վերապատրաստման, ինչպես նաև բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացման հարցերում։
Մշակույթի ոլորտում առկա համագործակցության շրջանակում նախարարը կարևորել է Բրիտանական թանգարանի հետ իրականացված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը:
Կողմերը քննարկել են նաև այս տարվա հոկտեմբերին Լոնդոնում կայանալիք «Going Global» բարձրագույն կրթության ամենամյա միջազգային համաժողովին Հայաստանի մասնակցության հարցը։
Դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության և երկարամյա արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով արձանագրված դրական առաջընթացը և փոխգործակցության ներուժի իրացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։



























