2029-ի Մ20 ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նախապատրաստվելով՝ Վանաձորի մարզադաշտը կարդիականացվի

2029 թվականին Հայաստանում նախատեսված ֆուտբոլի աշխարհի Մ20 տարեկանների առաջնության նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Վանաձորի ֆուտբոլային մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիային:
Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ անհետաձգելի է համարվել Վանաձորում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման, վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը և այդ նպատակով գնումների գործընթացը կկազմակերպվի «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ ներկայացրել են հայտ՝ աշխարհի Մ20 տարեկանների առաջնության կազմակերպման նպատակով: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) իր աջակցությունն է հայտնել համատեղ հայտի ներկայացմանը, սակայն վերջնական հաստատման համար անհրաժեշտ է արդիականացնել ֆուտբոլային ենթակառուցվածքները, այդ թվում՝ կառուցել կամ վերակառուցել ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի առնվազն մեկ մարզադաշտ։
Հայաստանում նմանօրինակ մարզադաշտերի առկայությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախատեսվել և ամրագրվել է նաև ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ, որով, մասնավորապես, սահմանվել է ՀՀ-ում 3 մարզադաշտերի կառուցման (այդ թվում` 1-ը՝ ազգային) պահանջը: Երեք մարզադաշտերից 2-ը նախատեսվում է կառուցել առնվազն 10 հազար նստատեղով, իսկ 1-ը՝ ազգայինը, 35 հազար նստատեղով։
Նախագծման աշխատանքները կիրականացվեն 8 ամսում, իսկ շինարարությունը, հաշվի առնելով բոլոր քաղաքաշինական և պետական փորձաքննությունները, նախատեսվում է մեկնարկել 2026 թվականի հունիսին: Շինարարությունը կտևի շուրջ 24 ամիս։
ՀՀ ԿԳՄՍ


























