ԱՍՀՆ Արսեն Թորոսյանի միջնորդությամբ սկսվել է բնակվարձի վճարումների գործընթացը. Լիաննա Պետրոսյան

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ կայացած հանդիպումը կենտրոնացած էր բնակապահովման ոլորտում առկա խնդիրների ու լուծումների շուրջ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բնակվարձի տրամադրումը, սոցիալական աջակցությունը, զբաղվածության հնարավորությունները և առանձնապես անդրադարձ եղավ բռնի տեղահանված հայրենակիցների կյանքի որակի բարելավմանը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը:
«ԱՍՀՆ նախարարի հետ կայացած հանդիպումից հետո՝ նախարարի անմիջական միջնորդությամբ, այսօրվանից մեկնարկել է ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից 2025 թ. հուլիս ամսվա բնակվարձի չվճարված գումարների վճարման գործընթացը, օգոստոս ամսվա վճարումները կլինեն մյուս շաբաթ։
Միաժամանակ՝ մեր կողմից ներկայացված Բնակապահովման ծրագրի վերաբերյալ առաջարկությունները մանրամասն կքննարկվեն, ինչի արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,-գրել է Պետրոսյանը:
«Հանդիպման ընթացքում ներկայացվել է բնակապահովման ծրագրի նոր լուծում, որն առավել արդյունավետ կդարձնի մատչելի բնակարան ձեռք բերելու գործընթացը, հատկապես փոքր կազմով ընտանիքների համար։ Նախարարն ընդգծել է, որ մոտակա ժամանակում նախատեսվում է գործող ծրագրերի խորը վերլուծություն, ինչը կարող է բերել փոփոխությունների՝ մեղմելու տեղահանվածների սոցիալական ծանր վիճակը։
Նախարարի խոսքով՝ իր գործունեության կենտրոնում միշտ կմնան տեղահանված հայրենակիցների առօրյա խնդիրները, նպատակ ունենալով աջակցել նրանց մշտական բնակության հաստատմանը Մայր Հայաստանում»:

























