3 անձ կալանավորվել է ՀՀ խոշոր չափի թմրամիջոցի մաքսանենգության համար. նրանցից մեկը նախկին ցմահ դատապարտյալ է

ՀՀ երեք քաղաքացի, որոնցից մեկը՝ նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ:
Դրանից հետո վերջիններս ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ բացահայտումն արվել է տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում:
Երեք քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:


























